Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան1
A A
Քաղաքականություն

2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

«Արդարադատության որակի մասով ես լուրջ մտահոգություն ունեմ»,-այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարն ասում է՝ խնդիրներ կան ոչ միայն դատարանների  ծանրաբեռնվածության առումով, այլև ինքը շարունակում է տեսնել կոռուպցիոն ռիսկեր, մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ ոչ միայն դատարանում, այլև այլ մարմիններում։

Ռ․ Բադասյանն անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների թեմային, տեղեկացրեց, որ վարչապետին է ներկայացվել որոշման նախագիծը, որով նախատեսվում է հանձնաժողովի ձևավորման շուրջ աշխատանքներ իրականացնել։ Դրանով արդեն Արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա մրցութային կարգով ընտրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարկության ներկայացուցիչներին և իրավաբան-գիտանական ներկայացուցիչներին։

«2020 թվականին կարող ենք ունենալ Սահմանադրական բարեփոխումներ, և կարող է դրույթներ լինեն, որոնք կվերաբերեն Սահմանադրական դատարանին»։

Խոսելով 2019 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ նախարարն ասաց, որ այս  տարվա հիմնական ձեռքբերումը դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններն են և դրանցից բխող գործողությունների ծրագրերը․

«Հեղափոխությունից հետո հանրության պահանջած օրակարգը՝  իրականացնել ամբիցիոզ բարեփոխումներ դատաիրավական համակարգում, հենց պետք է սկսվեր նմանատիպ ռազմավարությունների և գործողությունների  մշակումից, որը մենք կատարեցինք բավականին կարճ ժամանակահատվածում»։

Նախարարի գնահատմամբ՝ դրանք հստակ, չափելի  և ամբիցիոզ ռազմավարություններ են։

Բադասյանը տեղեկացրեց, որ բացառիկ է լինելու միջազգային գործընկերների կողմից տրամադրվելիք ֆինանսական օժանդակության չափը և դատելով միջզգային հանրության և քաղհասարակության արձագանքից՝ կարող ենք արձանագրել, որ այս ծրագրերը ստացվել են։

Նախարարի հավաստմամբ՝  անկախ դատական համակարգի ստեղծումը բարեվարքության մեխանիզմների շարունական կատարելագործման միջոցով իրենց համար առաջնային է․

«Դա դատավորների գույքի հայտարարագրման մեխանիզմների կատարելագործումն է և գույքային խախտման  հիմքով կարգապահական վարույթների հարուցումը»։

Ըստ Բադասյանի՝ առաջնային է նաև  հակակոռուպցիոն դատարանների, անկախ  հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, որի վերաբերյալ օրենքի նախագիծը առաջիկայում կներկայացվի։

«Ամենամեծ խնդիրը, որ  2020 թվականին պիտի դնենք մեր առջև, դատարանների ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքներն են»,- նշեց Բադասյանը։