Խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը․ Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ նախագահին առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախկին նախարար, իրավաբան Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրմամբ ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը։
Լրագրողի դիտարկմանը, թե մեղադրանքը կապված է Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակվա գործողություններին, Հարությունյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծված է դատարանի անկախությունն ապահովելու համար։
«Եթե լիներ հակառակը․ դատավորը նշանակվել է, և անձեռնմխելիությունը վերաբերեր միմիայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր է, հարցի էությունը կվերանա՞ր։ Նպատակը, թե ինչի համար է սահմանվում անձեռնմխելիությունը, կվերանար։ Այսինքն՝ պատասխանը ևս միանշանակ է։ Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը, անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, որ ինքը դատավորի պաշտոն է զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի վրա»,- շարունակեց նա։
Մեղադրանքի վերաբերյալ բողոքը, ըստ Հարությունյանի, պետք է վիճարկվի գլխավոր դատախազին, որի պարտականություն է հետևել այս գործի նկատմամբ օրինականությանը, և մեղադրանք առաջադրած քննիչի նկատմամբ անմիջապես պետք է քրեական հետապնդում իրականացվեր՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Իսկ մեղադրանքի բողոքարկումը պետք է կատարվի գլխավոր դատախազություն։
«Ա1+»-ի դիտարկմանը՝ իսկ եթե դատախազությունը մերժի բողոքը, նախկին նախարարը պատասխանեց․ «Այն մարդը, որ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում երկրում, կսկսի գիտակցել, թե մեր երկրում ինչ է տեղի ունենում»։
Հարցին, թե ի՞նչ հասկանալ այս պատասխանի տակ, Հարությունյանը, պատասխանեց, որ կհասկական, որ իշխանությունների այս քայլերի նպատակն է վերացնել ՍԴ-ն։ Լրագրողի հարցին, թե ՍԴ մյուս դատավորներն այս պարագայում անելիք ունե՞ն, պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ անելիք չունեն։ Այս պահին անելիք չունեն»։