Ամենամեծ պրոբլեմներից մեկն է․ վարչապետը՝ զուգարանների խնդրի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2020 թվականը բավականին լավ ենք սկսել, և նոր կամ նորացված հայեցակարգը, որ մենք առաջարկեցինք, արդարացրեց իրեն։ Ամանորյա օրերին, և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին փողոցներում և ընդհանարպես ՀՀ-ում»,-այսօր Կառավարության այս տարվա առաջին նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրել, որ դրանում ամենևին ոչ երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված»։
Վարչապետը նշեց, որ մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել․
«Պետք է պլանավորել և մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել միջոցառումները, և նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների գործընթացը։
Մենք սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, և դրա մասին կան կոնկրետ ազդակներ՝ մտածելու»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ մասնավորապես մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու և սպասարկման որակի հարցը լուծելու առումով․
«Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է սահմանել տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին և ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին, որովհետև սա երկարաժամկետ կտրվածքով շատ կարևոր է»։
Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանում զուգարանների խնդրին․
«Գաղտնիք բացահայտված չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ-ում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին, ընդհանրապես սա քաղաքակրթական խնդիր է, երբ տեսնում ես, որ որևէ տեղ բացված է հինգհարկանի ռեստորան, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ ինչ-որ վայրում ես գտնվում»։
Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք այս ոլորտում կա՞ն ստանդարտներ։ Ի պատասխան՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ ներկայացվող հիգիենիկ պայմանների վերաբերյալ կան ստանդարտներ․
«Առողջապահության նախարարի հետ մենք նախաձեռնել ենք դրանց փոփոխությունները, որպեսզի համապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացում արդեն կունենանք հաստատված նորմերը ու նաև կանդրադառնանք օրենսդրական կարգավորումներին և խստացումներ կնախատեսենք՝ տուգանքների չափերի մեծացում՝ ընդհուպ մինչև գործունեության կասեցում»։
Առողջապահության նախարարն էլ տեղեկացրեց, որ պատրասվում են ներառել ժամանակից սարքավորումներ, մեխանիզմներ։ Վարչապետն էլ ընդգծեց, որ եկել է ժամանակը պարտադրանքի լեզվով խոսելու։