Պաշտոնյաններն ու լրագրողները չեն վերահսկում իրենց խոսքը, օտար բառեր շատ են գործածում․ Դավիթ Գյուրջինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեզվի պետական կոմիտեն տարվա ընթացքում հրապարակել է 25 հորդորակ, որոնք վերաբերում են հայերենի գործածությանը, կանոնարգմանը և լեզվական այլ հարցերի։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նա ցավով նշեց, որ հաճախ Լեզվի պետական կոմիտեի հասցեին հանիրավի մեղադրանքներ են հնչում, երբ օրինակ՝ ԶԼՄ-ներում սխալների են հանդիպում։
«Մենք անում ենք հնարավորինը՝ վիճակը շտկելու համար։ Իսկապես վիճակը մի պահ շատ մտահոգիչ էր, բայց մենք հիմա արձանագրում ենք այն փաստը, որ այդ զգայուն հարցի նկատամամբ հասարակության հետաքրքրությունը մեծացել է»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը։
Լեզվի պետական կոմիտեն գրական հայերենի այժմեական բառապաշարի կիրառության ընդլայնման համար կոմիտեի կայքում թողարկել է «Այսօրվա հայերենը» նախագիծը։
Պարոն Գյուրջինյանի խոսքով՝ երբեմն կարծիքներ են հնչում, թե «ինչներիս են պետք նոր բառերը», պատճառաբանելով, որ դրանք անծանոթ են։
«Մենք այնպես ենք անում, որ այդ հայերենն էլ հարազատ լինի։ Օրինակ՝ համակարգչով աշխատողների համար արդեն սովորական պետք է լինի՝ հետարկելը, կամ շատ դեպքերում դրանք հին բառեր են, որոնք հիմա ենք շրջանառության մեջ դնում, կամ էլ նոր բառեր են, որի նպատակը տարածելն է։ Օրինակ՝ զիփլայնի համար քվեարկությամբ հաղթել է ճախրուղի բառը, շատ լավ բառ է և կարող է փոխարինել օտար բառերին։ Նկատելի է, որ հասարակությունը օտառ բառերի հարցում շահագրգիռ է, հակադիր կարծիքներ էլ կան։ Ոմանք ասում են՝ դռները լայն բացենք, ամեն ինչ ընդունենք, ոմանք ասում են՝ կանգ առնենք, փորձենք ստեղծել և նոր ներս թողնենք այդ բառերը»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը և հավելեց, որ պաշտոնյաններն ու լրագրողները չեն վերահսկում իրենց խոսքը և օտար բառեր շատ են գործածում։
Լեզվի պետական կոմիտեն հայերենի նորաբանությունները կանոնարկելու նպատակով ստեղծել է շտեմարան, որը պարունակում է 17 966 բառահոդված։ Ի դեպ, Լեզվի պետական կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2019թ․ վարչական իրավախախտումների վերաբերյալ 47 վարույթ է հարուցել։
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ դրանք վերաբերում են, օրինակ, ոչ հայերեն ցուցանակներին, գրառումներին։