Տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որի հետ մեր անվտանգության շահերը համընթաց են․ Էմմա Բեգիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել»․ մի խումբ փորձագետներ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում մասնակցում են այս թեմայով։
Արդեն տևական ժամանակ է՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված են, որոնք հատկապես ավելի սրվեցին Իրաքում Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի (գվարդիայի) «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, իրանագետ, արևելագետ Էմմա Բեգիջանյանը խոսքերով՝ Իրաքն իր շահերից ելնելով աշխատում է և՛ Իրանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ իր ուժերի սահմաններում նրանց հարաբերությունները կարգավորելու համար։
«Սաուդյան Արաբիան, որը սովորաբար խրախուսում էր Ամերիկային խփել Իրանին, կողմերին զսպվածության կոչ արեց։ Այսինքն՝ այդքան լարված էր տարածաշրջանը»,- նշեց արևելագետը։
Բեգիջանյանը նշեց, որ Իրանում հասարակության մոտ այնպիսի տրամադրություններ են, որ յուրաքանչյուր կայծը հերիք է, որ բողոքի ցույցեր լինեն, որոնք պայմանավորված են լինում տնտեսական խնդիրներով։ Հայաստանը, ըստ նրա, Սոլեյմանիի սպանությունից հետո ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվեց՝ զսպվածության կոչ անելով։
Հայաստանի շահերը, փորձագետի խոսքերով, պահաջում են Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների կարգավորում։
«Տարածաշրջանում ես դա ասել եմ և կրկնում եմ, որ Իրանը միակ երկիրն է, որի հետ մեր անվտանգության շահերը համընթաց են, հետևաբար Իրանի անկայունությունը մեր վնասին է, իսկ Ադրբեջանի, Թուրքիայի շահերին լիովին համընկնում է»,- շեշտեց նա։
Թուրքիային մասով իրանագետը մանրամասնեց, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջիններից էր, որ ցավակցեց Իրանին և նշեց, որ Սոլեյմանիի սպանությունը չպետք է անպատասխան մնա։ ՄԱՀՀԻ փորձագետի խոսքերով՝ որքան Իրանը թուլանա, այդ թուլացումը համընկնելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ, որոնք մեծ ջանքեր են գործադրում Իրանի թյուրքախոս և ազերիաբնակ շրջաններում մշակութային գործունեությամբ տարածել համաթյուրքականությունը, որն արվում է արդյունավետ։
«Ընդհուպ եղել է մի քաղաքի քաղաքապետ և սեղանին դրել է Թուրքիայի դրոշը և (Իրանում պաշտոնական լեզուն պարսկերեն է) ելույթ է ունեցել թուրքերեն։ Այդտեղ կային նաև ազգությամբ քրդեր, որոնք կարող էին թուրքերեն չհասկանալ։ Մեր շահերը պահանջում են, որ Իրանը լինի կայուն՝ անկախ ամեն ինչից։ Իհարկե ցավալի են զոհերը, իհարկե ցավալի է իրավիճակի սրումը, բայց մեզ պետք է, անհրաժեշտ է, որ Իրանը լինի կայուն, անկախ»,- եզրափակեց Էմմա Բեգիջանյանը։