Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Վարդանյան
A A
Քաղաքականություն

Մեր երկիրն էլ պետք է չեզոք դիրքավորում ունենա իրանա-ամերիկյան կոնֆլիկտում․ Արմեն Վարդանյան (տեսանյութ)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ Իրանի համար ձեռնտու չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պատերազմը։ Վարդանյանի խոսքերով՝ իրանա-ամերիկյան լարվածության ֆոնին, Հայաստանը պետք է պատրաստ լինի մի շարք սցենարների։

«Սցենար համար 1, որն իմ կարծիքով ամենահավանականն է, այս լարվածությունը կշարունակվի մինչև նոյեմբեր՝ մինչև ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններ։ Կարծում եմ՝ Թրամփը ժամանակ առ ժամանակ Իրանի նկատմամբ ճնշումներն ավելի կմեծացնի և հնարավոր է, որ դրանք ժամանակ առ ժամանակ հանդարտվեն»,- նշեց Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ Թրամփը հենց նախագահ ընտրվելուց հետո հասկացնել է տվել, որ Իրանի նկատմամբ պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ ճնշվի, միջազգային հանրությունից մեկուսանա և ներմիջուկային համաձայնագիր կնքի։

Երկրորդ սցենարը, ըստ քաղաքագետի, այն է, որ Իրանը փորձի լեզու գտնել և միջուկային նոր պայմանագիր կնքել, որը, սակայն քիչ հավանական է, իսկ քիչ հավանականությունը բացատրվում է ԱՄՆ-ի կողմից նախկին համաձայնագրից դուրս գալով։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ երրորդ սցենարն այն է, որ Իրանը փորձի այնպես անել, որ Թրամփը չվերընտրվի նախագահ։

«Պատմության մեջ այդպիսի դեպք եղել է, երբ իրանական գործողությունների հետևանքով ԱՄՆ նախագահը չի վերընտրվել երկրորդ անգամ․ դա 1979 թվականին Թեհրանում ցուցարարների կողմից ԱՄՆ դեսպանատունը  գրավվել է։ Ամերիկյան դեսպանատան 52 ներկայացուցիչ 444 օր պատանդ մնացին Իրանում։ Այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերն ամեն ինչ արեց, որպեսզի ազատ արձակի այդ պատանդներին, նույնիսկ օպերցիա մշակեցին, որպեսզի նրանց ազատ արձակեն։ Հենց այդ անհաջողության շնորհիվ, հետագայում Ջիմմի Քարտերը խոստովանեց, որ հենց նաև այդ պատճառով ինքը երկրորդ անգամ չվերընտրվեց»,- շարունակեց քաղաքագետը՝ հավելելով, որ նախագահ ընտրված Ռոնալդ Ռեյգանի երդմնակալությունից 10 օր անց դեսպանատան աշխատակիցները ազատ արձակվեցին։

Սա հաշվի առնելով՝ ՄԱՀՀԻ փորձագետն ասաց, որ չի բացառվում, որ Իրանը որևէ երրորդ երկրի տարածքում հարվածի ԱՄՆ զինվորականներին՝ վնասելով Թրամփի հեղինակությանը։ Վարդանյանը դիտարկեց Դեմոկրատների ավելի բարեհաճ տրամադրվածությունն Իրանի նկատմամբ, և Դեմոկրատ թեկնածուի հավանական հաղթանակը նախագահական ընտրություններում։

«Իրանում շատ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ նախագահը պետք է լինի Դեմոկրատների թեկնածուն։ Այնպես որ բոլոր հնարավոր տարբերակներին պետք է պատրաստ լինենք։ Մեր երկիրն էլ պետք է բավականին հավասարակշռված, չեզոք դիրքավորում ունենա այս հարցում։ Սա մեր կոնֆլիկտը չէ․ այստեղ թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ը մեր բարեկամ երկրներն են»,- ընդգծեց նա։