Հայաստանը չի բացառում փախստականների հոսք Իրանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանից զանգվածային ներհոսք դեպի Հայաստան առայժմ չկա, բայց համապատասխան կառույցները չեն բացառում դա տարածաշրջային լարվածության ֆոնին։
«Հույս ունենք, որ տարածաշրջանում իրավիճակը չի լարվի, բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- նշում է Սփյուռքի գործերով Գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Եթե սկսվի Իրանից զանգվածային ներհոսք, ապա ծանրաբեռնվածությունը լինելու է Մեղրիի անցակետից։
«2019թ․առաջին 9 ամիսների ընթացքում ունեցել ենք 167 ապաստանի հայց, որից 67-ը Իրանի քաղաքացիներ են․ 20-ին տվել ենք փախստականի կարգավիճակ, 30-ը մերժվել են շատ տարբեր պատճառներով», տեղեկացրեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Ներհոսք սպասվում է ոչ միայն Իրանից։ Մերձավոր Արեւելքում լարվածությունը ցանկացած պահի կարող է նման հոսքերի առիթ դառնալ։
«Այս հարաբերական խաղաղ պայմաններում անգամ մենք ունենք ներհոսք․ հունվարի 8-ին մենք 4 լիբանանյան ընտանիք ենք ընդունել», - տեղեկացրեց Հովհաննես Ալեքսանյանը։
Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանը քննարկման փուլում է։ Պատասխանատու նշանակված է ԱԻՆ-ը։
«Զանգվածային ներհոսքը պետք է կարգավորվի կառավարության կողմից, իսկ մնացած գործառույթները ԱԻՆ-ը բաշխել է 20 տեղական գերատեսչությունների միջև և կարգավորվում են այս նախագծի միջոցով։ Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, կամ հարևան երկրում տեղի ունեցող կարգավիճակից՝ ԱԻՆ կողմից առաջարկվող նախագիծը ավելի քան իրատեսական է»,- նշում է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Հայաստանն ունեցել է փորձ զանգվածային ներհոսք կարգավորելու։
«Երկիրը համապատասխան ռեսուրսներ կարողացել է ներդնել, բայց դրանք բավարար չեն եղել։ Դա եղել է Իրաքի դեպքը, և Սիրիայում շուրջ 8-9 տարի ձգվող պատերազմական իրավիճակում սիրիահայերի ներգաղթը»,- հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը։
Սիրիայից ՀՀ-ն ընդունել է 22000-ից ավելի փախստականի։