Եթե Փարաջանովը կենդանի լիներ, կարծում եմ, իմ այս համեստ նվերը կընդուներ․ Արթուրո Սայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿինոյի տան կինոսրահում կայացավ գերմանաբնակ ռեժիսոր, ծնունդով Վանաձորից Արթուրո Սայանի «#Maestro95» ֆիլմի ցուցադրությունը, նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին:
Ֆիլմի հեղինակի բնորոշմամբ, իր ձևաչափով սա ֆիլմ-կոլաժ է՝ գեղարվեստական-փաստավավերագրական ֆիլմ, զուգակցված ֆիլմ-էսսեի և անիմացիայի տարրերով:
Արթուրո Սայանի խոսքով, քանի որ տիկնիկները մեծ դեր են ունեցել Փարաջանովի կոլաժներում, ինքն էլ որոշել է օգտագործել կերպարային տիկնիկների և ֆիլմում Փարաջանովի, Սոֆիկո Ճիաուրելիի, Սայաթ-Նովայի և այլոց կերպարները ներկայանում են նաև տիկնիկների տեսքով: Ֆիլմում օգտագործված արխիվային որոշ կադրեր ցուցադրվում են առաջին անգամ։
Նկարահանման աշխատանքներին աջակցել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և Մութեզիուսի անվան արվեստի ինստիտուտը, որտեղ ուսանում է Արթուրոն։ Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 5500 եվրո։
Սա երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է։
«Ա1+»-ի հարցին, թե նրա կարծիքով, ինչ կասեր ինքը՝ Փարաջանովը այս ֆիլմի մասին, եթե կենդանի լիներ, Սայանը պատասխանեց․ «Կարծում եմ, իմ այս համեստ նվերը կընդուներ»։