Նվագախումբն ունի այն ստատուսը, որ կարող է իրեն թույլ տալ մերժել հրավերը․ Սերգեյ Սմբատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, 2020 թվականը սկսեց եվրոպական համերգային շրջագայությամբ, հանդես գալով եվրոպական ամենահեղինակավոր համերգասրահներում՝ Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում, Զալցբուրգի Grobes Festspielhaus-ում, Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճում, Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում և Վիեննայի «Մյուզիքվերեյն», Պրահայի «Ռուդոլֆինում»-ում և Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում։
Եվրոպացի ունկնդիրը պետական սիմֆոնիկ նվագախմբի շնորհիվ բացահայտեց Ջոն Տեր-Թադևոսյան կոմպոզիտորին և ունկնդրեց նրա Երկրորդ սիմֆոնիան։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը։
«Նման համերգային շրջագայությունից հետո, հաշվի առնելով նաև արտասահմանյան լրատվամիջոցների և քննադատների հիացական արձագանքները, կարող ենք հաստատապես ասել, որ նվագախումբն իր տեղը գտել է աշխարհում», ասաց «Ա1+»-ի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։
Հիմա էլ մեծ թվով հրավերներ ունեն տարբեր երկրներից, սակայն, Սերգեյ Սմբատյանի խոսքով, նվագախումբն ունի այն ստատուսը, որ կարող է իրեն թույլ տալ մերժել հրավերը, իհարկե հիմնավորելով, թե ինչու։ Իսկ պատճառներից մեկն այն է, որ իրոք շատ զբաղված ենք
Նրա խոսքով, նման հաջողությունը նվագախմբի 14 տարվա ճիշտ տեսլականով անցած ճանապարհի արդյունքը կարելի է համարել։
Ի դեպ, այսօր նվագախումբը նշում է իր ծննդյան օրը։