Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134663
A A
Քաղաքականություն

Քաղհասարակության ներկայացուցիչներն Ազգային ժողովում են

Ազգային ժողովում տեղի է ունենում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողի նիստը։ Օրակարգում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրառման գործընթացում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերի հարցն է։  

Ըստ Հայաստան-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ պետք է ստեղծվի քաղհասարակության հարթակ, այն պետք է կազմված լինի Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի և հարթակների, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ազգային հարթակի ներկայացուցիչներից:  

Նիստին  մասնակցում են քաղհասարկության ներկայացուցիչները։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին աշխատանքային խմբի համակարգող Միքայել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական հասարակության հարթակի համամասնության, կազմի և ներկայացվածության մասին համաձայնություն են ձեռք բերել թե՛ եվրոպական կողմի, թե՛ հայկական կողմի միջև։ 

«Նախնական տարբերակով 4 անդամ ներգրավվելու է քաղհասարկությունից, 3-ական ներկայացուցիչներ էլ Արհմիություններից և Գործատուների միությունից։ 9 անդամ էլ կլինի եվրոպական կողմից»,- ասաց Միքայել Հովհաննիսյանը։ 

 Թե՞ ովքեր են մասնակիցները, դեռ պարզ չէ, ըստ պարոն Հովհաննիսյանի՝ առաջիկա 2 ամիսներին հայտնի կդառնան մասնակիցները։