Ինչո՞ւ Արփինե Հովհաննիսյանը չընդգրկվեց Սահմանադրական փոփոխություններ իրականացող հանձնաժողովի կազմում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական փոփոխություններ իրականացող հանձնաժողովի կազամավորմանը։
Նշեց, որ հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, ընտրվել են թեկնածուները՝ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և վեց իրավաբան- գիտնական:
Հարցին, թե Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով ներկայացրել էր իր թեկնածությունը, ինչո՞ւ չի ընդգրկվել հանձնաժողովում, Բադասյանն ասաց, որ գնահատում են Հովհաննիսյանի անկեղծ մղումները, բայց նրա հայտում նշված է եղել, որ մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխության աշխատանքներին, թեկուզ՝ ոչ ֆորմալ առումով.
«Մեր պաշտոնական փաստաթղթում դատաիրավաական բարեփոխումների ռազմավարության քննդատություն է հնչում 2015 թվականի փոփոխությունների հետ կապված, և բնականաբար այդ հանգամանքը մենք չէինք կարող դրական առումով գնահատել»:
Բադասյանն ասաց, որ Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական որակները որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց նախորդ Սահմանադրական փոփոխությունները «խայտառակություն էին մեր երկրի համար»:
Բադասյանը վստահեցրեց՝ ընտրված բոլոր անդամները անկախ փորձագետներ են, և նրանց թիրախավորել պետք չէ։
«Բոլոր թեկնածուները ներկայացված են վարչապետի հասատմանը»,-նշեց նա:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ Արդարադատության նախարարը նշեց, որ այն շուտով կհանգուցալուծվի։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծին՝ ասաց, որ դեռ ժամանակ կա, և որևէ մեկը չի կարող գնահատական տալ՝ նախագիծը աշխատե՞ց, թե ոչ;
«Որևէ տրագեդիա չի լինի, եթե որևէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի»:
Բադասյանը չբացառեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի նաև Սահմանադրական փոփոխություններով.
«Ես պատկերացնում եմ ճգնաժամի լուծումը համալիր սահմանադրական բարեփոխումների արդյունքում և ամբողջ դատական համակարգի համար։ Երբ մենք խոսում ենք դատական համակարգում ճգնաժամի մասին, մենք պետք է նաև իրավապահ բոլոր համակարգերում որոշակի ճգնաժամի մասին խոսենք և ամբողջ համակարգերում մեր նախանշած ռազմավարությունների արդյունքում է, որ լինելու է ճգնաժամի լուծում և հանրության վստահության վերականգնում»,- ասաց նա: