Ոստիկանությունն իրականացրել է իր գործառույթները․ Արման Սարգսյանը՝ Նարեկ Մալյանին եւ մյուսներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր անցկացրել և հրավիրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ասաց, որ նիստի ժամանակ ներկայացվել են թե՛ ոստիկանության խնդիրները, թե՛ առաջիկա անելիքները մասնավորապես նախատեսվող ռեֆորմների վերաբերյալ։
Սարգսյանը նաև անդրադարձավ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ, հանրային գործիչ Նարեկ Մալյանին, «Ադեկվատ» միաբանության անդամներ, ակտիվիստ Արթուր Դանիելյանին, «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին, Գրիգոր Մինասյանին, Ազատ Ադամյանին բերման ենթարկելու դեպքերին։
«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր գործառույթները, և իրականացվել է օրենքի սահմաններում։ Այսինքն՝ ոստիկանությունը, լինելով հետաքննական մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձի և ստուգման արդյունքներով ազատ արձակել»,- նշեց Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ նույն անձանց հաճախակի են բերման ենթարկել, պարզվել է, որ անհիմն է եղել, փաստեր չեն եղել, նորից ազատ են արձակվել, ոստիկանապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ նույն անձը կարող է պարբերաբար բերման ենթարկվել։
Վերոնշյալ անձանց հատուկ նշանակության վարչության կողմից բերման ենթարկելու հանգամանքը Սարգսյանը պատճառաբանեց նրանով, որ տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում, իսկ հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ են։
Լրագրողի դիտարկմանը, թե բերման ենթարկվածների մասով եղել է քննադատություն, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում, և կարծիք կա, որ ոստիկանությունը «արջի ծառայություն է մատուցում», պատասխանեց, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդման ոչ ոք չի ենթարկվում։ «Եթե քաղաքական հետապնդում իրականացվեր, հետևապես թե՛ խոսքի, թե՛ գործելակերպի, թե՛ ամեն ինչի առումով ազատություն մենք չէինք ունենա։ Ուղղակի մարդիկ իրենց իրավունքներն իրացնում են, ազատ խոսքի շրջանակներում սրան անվանում են քաղաքական հետապնդում»,- ընդգծեց Արման Սարգսյանը՝ հավելելով, որ քննադատությունը շատ նորմալ է համարում, սակայն առողջ քննադատությունը։
Բերման ենթարկելու իրավաչափությունը ստուգելու մասով՝ Ոստիկանության պետն ասաց, որ եթե ծառայողական քննության անհրաժեշտություն լինում է, նշանակվում է։
Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու կապակցությամբ նշանակված ծառայողական քննության մասով՝ Սարգսյանն ասաց, որ քննությունը շարունակվում է։
«Տվյալ նյութերով զբաղվող փաստաբանը և ԵՊՀ ուսխորհրդի նախագահը դիմել էին Հատուկ քննչական ծառայություն՝ նորից մեր ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված, և դեռ ամեն ինչ շարունակվում է։ ՀՔԾ-ում իրավական գնահատական, կարծում եմ, մոտ ժամանակներս կտան։ Եվ եթե մեր ծառայողների գործողությունները լինեն կարգապահական բնույթի խախտումներ, ես բնականաբար կարձագանքեմ և համարժեք կարգապահական տույժի կենթարկեմ»,- նշեց նա։
Իսկ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու մասով՝ պաշտոնակատարն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հնչեցրել է, որ ժամանակավոր պաշտոնակատարի համար գոյություն ունի ժամկետ, իսկ իր պարտականությունները կկատարի մինչև վերջ։