ԲՀԿ-ն «թայմ աութ» է վերցրել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում է՝ որքանով է նպատակահարմար իրենց մասնակցությունը ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրությունը բարեփոխելու աշխատանքային խմբում։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շաքե Իսայանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ «թայմ աութ» են վերցրել, իսկ պատճառը աշխատանքային խմբի կողմից խմբակցության առաջարկությունները չընդունելն է եղել։ Առաջարկություններից մեկը խմբում ընդգրկվել ցանկացողներին առաջադրված պահանջների մասով է եղել, մյուսը վերջնաժամկետը երկարաձգելու։ Ըստ պատգամավորի՝ որոշ ՀԿ-ներից ստացել են դժգոհություններ, որ իրազեկումը պատշաճ չի կատարվել, և ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձի պահանջ սահմանելը շատ է։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ԱԺ կայքում աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, որ հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատ փորձագետներին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքներին: Ցանկացողները, ըստ հայտարարության, պետք է ունենան առնվազն 5 տարվա գործունեության փորձ և 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 20-ն էր սահմանված։
«Մեր խմբակցության դիրքորոշումը այս աշխատանքային խմբի ձևավորման պահից եղել է այն, որ մենք պետք է հարթակ լինենք, որտեղ բոլոր ՀԿ-ները, որոնք մարդու իրավունքների ոլորտում գործունեություն են ծավալում, հնարավորություն ունենան ներկայացնել իրենց առաջարկները»,- ասաց Շաքե Իսայանը։
Աշխատանքային խմբի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները չընդունելը պատճառ է ունեցել։ Ըստ նրա՝ դեռևս 2019թ.-ի դեկտեմբերի 24-ին աշխատանքային խումբը քվեարկության է դրել սահմանված չափանիշների ու հայտերի վերջնաժամկետի մասին հարցը, որին մասնակցել է նաև ԲՀԿ-ն։
«Տիկին Իսայանը առաջարկեց երկարացնել հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը և ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձի պահանջը իջեցնել։ Քանի որ մենք արդեն հաստատել էինք և կոնսենսուս կար այդ հարցի շուրջ, նպատակահարմար չգտանք այդ առաջարկը ընդունել, դրեցինք քվեարկության և որոշվեց անփոփոխ թողնել»,- ասաց Սարգիս Խանդանյանը։ Նա հավելեց, որ ինքը որևէ ՀԿ-ից դժգոհություն չի ստացել և այսօր առաջին անգամ է այդ մասին լսել Շաքե Իսայանից։