Ակտիվ դատական պրոցես ենք ունենալու․ ՀՅԴ-ի հայցադիմումն Արման Բաբաջանյանի դեմ վարույթ է ընդունվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ-ի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ այս տարվա հունվարի 8-ին ներկայացրած հայցադիմումի ընթացքին։
Մինասյանն ասաց, այնպիսի արտահայտություններ է անում ԱԺ պատգամավորը, ով օրենքով պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգանք ցուցաբերել, նաև մի մարդ, ով լրատվամիջոցի ներկայացուցիչ է, և այդ արտահայտությունները հնչեցվում են ԱԺ ամբիոնից։
Մինասյանն ասաց, որ պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության այս մեխանիզմով իրենք ուզում են մեր երկրում ձևավորել նաև նախադեպ։
Փաստաբան Հայկուհի Սեդրակյանն էլ ներկայացրեց, որ հայցադիմումը վերաբերում է վիրավորանքին և զրպարտությանը, գործն արդեն վարույթ է ընդունվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այն բաղկացած է 3 մասից։
Վիրավորանքի և զրպարտության համար Դաշնակցությունը պահանջում է 1 դրամ փոխհատուցում։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ավելի վաղ «Ա1+»-ի հետ զրույցում խոստացել էր դատարանում «Դաշնակցություն» կուսակցության մասին հրապարակել «նորանոր ահաբեկչական» ապացույցներ։
Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ ասաց․
«Ուրախ կլինեմ Բաբաջանյանին տեսնել դատարանում իր փաստարկները ներկայացնելիս։ Համոզված եմ, որ ակտիվ դատական պրոցես ենք ունենալու և հարգելի դատարանից էլ ակնկալելու ենք հավուր պատշաճի գնահատականներ»։
Հարցին, թե եթե Բաբաջանյանը դատարանում հայտարարի, որ քաղաքական հայտարարություն է, Մինասյանն ասաց, որ չի կարող քաղաքական համարվել հայտարարությունը, որը հստակ մեղադրանք է ծանր հանցագործության մեջ։
«Մենք դատարանում ենք լսելու բոլոր փաստերը, ուրախ կլինեմ, որ պարոն Բաբաջանյանը իր այս հայտարարությունները ներկայացնի պատշաճ ապացույցներով»:
Մինասյանը վստահ է, որ այս ամենը առիթ կտա մեր հասարակության մեջ սուտն ու կեղծիքը իրականությունից տարանջատելու։ Հորդորեց սպասել դատական նիստերին և Արման Բաբաջանյանի ներկայացրած հիմնավորումներին։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ ԳՄ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՅԴ-ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում: ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է, որի ժամանակ Արման Բաբաջանյանը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»: