Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սաքունց
A A
Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը պաշտոնում պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից (տեսանյութ)

«Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ արդեն իսկ նախանշվեց այս մարմնի ստեղծումը, ոըը բոլոր իրավապահ մարմինների կողմից դրական է գնահատվել։ Եվ սա դիտարկվում է որպես լավագույն գործ, երբ առկա է ինստիտուցիոնալ քննություն իրականացնող, իր մեջ քննության օպերատիվ-հետախուզական գործառույթներ մեկտեղող միասնական մարմին»,-  ասաց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ։

Դատախազի տեղակալը նշեց նաև, որ դատախազության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում բավականին հաջողություններ արձանագրվել են։ Մելքոնյանն ասաց, որ դատախազությունում ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունեցել, ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որում ընդգրկված դատախազները մասնագիտացված են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նկատմամբ հսկողությամբ։

Խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին՝ նա նշեց, որ սոցիալական, իրավական երաշխիքները քննություն իրականացնող մարմինների նկատմամբ եթե ոչ միևնույն, սակայն հարաբերակցության առումով պետք է մոտ լինեն՝ ավելի լուրջ խնդիրների չբախվելու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, հասարակական գործիչ Արթուր Սաքունցը նկատեց, որ Հակակռուպցիոն կոմիտեն գործող իշխանությունների օրոք ստեղծված առաջին իրավապահ մարմինը կլինի։

«Հաշվի առնելով առաջիկա Սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ շատ կարևոր է, թե ինչպիսի տեղ է ունենալու այս մարմինը Սահմանադրական այս ճարտարապետության մեջ։ Ինչո՞ւ եմ սա որպես երկրորդ հանգամանք նշում․ որովհետև գոյություն ունեցող քննչական կամ իրավապահ մարմինների հետ կապված մենք ունենք հստակ վերապահումներ․ նրանց թե՛ ձևավորման, թե՛ նշանակումների, թե՛ պառլամենտական վերահսկողության տեսակետից»,- նշեց իրավապաշտպանը։

Ըստ Սաքունցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը պաշտոնում պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից։ 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ Հայաստանում պետք է ներդնել ոչ թե ապակենտրոնացված ինստիտուցիոնալ համակարգ, այլ մեկ ունիվերսալ մարմին, որում կկենտրոնացվեն և իրավապահ, և՛ կանխարգելիչ, և՛ կրթական բաղադրիչները։

«Շատ կարևոր է անկախության երաշխիքների ստեղծումը, դրա ապահովումը և՛ օրենսդրական մակարդակում, և՛ գործառնական»,- նշեց իրավաբանը։