Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուշացած պատասխաններ․ ՀԿ ղեկավարը պնդում է՝ օրենք է խախտվում (տեսանյութ)

 «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն»  ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի՝  տեղեկատվություն ստանալու դեկտեմբերի 5-ի հարցմանը ԱԺ-ը պատասխանել է ընդամենը մի քանի օր  առաջ։

«Ունենք իշխանություն, որը բացարձակ թքած ունի հասարակական կարծիքի վրա, կարծում է, որ ձայների մեծամասնությամբ ընտրվել է, ինչ ուզի, կանի, իսկ մյուս կողմից կա հասարակություն, որը դա թույլ չի տալիս և օգտվում է օրենքի իրեն ընձեռած հնարավորություններից»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Բաբկեն Հարությունյանը։

Նա խոսեց ևս մեկ անպատասխան հարցման մասին՝ ուղղված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենին։

«Հարցում էինք ուղարկել իրենց հաստիքացուցակի մասին՝ տեսնելու՝ ի վերջո ովքե՞ր են աշխատում էնտեղ, ու՞մ են տեղեկագրեր տրամադրել, բայց պատասխան էլի չստացանք։ Ստիպված Ֆեյսբուքում գրառում արեցի, ու ինչ-որ կցկտուր պատասխան ստացանք, որը 7 հարցից ընդամենը 2-ին էր պատասխանում»,- ասում է Բաբկեն Հարությունյանը ու ավելացնում, որ նախկինում եթե նման բան տեղի ունենար, ներկայիս իշխանության ներկայացուցիչները աղմուկ կբարձրացնեին, որ տեսեք՝ օրենք են խախտում։

Նա նաեւ  հիշեց, որ Արարատի մարզում սպանդանոցների դեմ ակցիայի ընթացքում իրավունք չունեցավ հարց հնչեցնելու․ «Ու ինձ լռեցնողը ու պրովոկատոր անվանողը հենց այն Ռուստամ Բաքոյանն էր, որը Ազգային Ժողովի «Իրենց Քայլը»  խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է»։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված դատական հայցին՝ բանախոսն ասում է, որ իրենք ինչքան պետք է՝ սպասելու են․ «Քաղաքապետարանից խնդրել էի «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայամանագիրը, որը բարեհաճեց ինձ պատասխանել միայն քաղաքապետարանի մոտ հրավիրված իմ ասուլիսից հետո և հետևյալ բովանդակությամբ՝ մենք նպատակահարմար չենք գտնում էդպիսի տեղեկատվություն տրամադրելը․ իսկ դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք, կամ չէ»։

 «Ա1+»-ի հարցին պատասխանելով, թե դրական տեղաշարժեր չե՞ն եղել այս ընթացքում , նա չժխտեց ու նշեց՝ դրանցից են օրինակ ասֆալտապատումը , որոշ հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացումները՝ մյուս կրճատված աշխատողների հաշվին։

 «Դրական փոփոխություններ բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են, այս իշխանության ամենամեծ ձեռքբերումը, թերևս, նախկին այն պաշտոնյաներից ազատվելն էր, որոնք 30 տարի իշխանավարել էին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, բայց սրանից ավելին ես Փաշինյանից չեմ սպասում, և ինքն էլ անկարող է ուրիշ բան անելու»,- եզրափակեց բանախոսը։