Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ
A A
Քաղաքականություն

Եթե համայնքի մեծ մասը դեմ է, ձեռնպահ կմնանք խոշորացումից. Փաշինյան (տեսանյութ)

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այօրվա նիստում ներկայացրեց համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը։

Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում դեռևս 2016 թվականին սկսվել է համայնքների միավորման պրոցեսը, իրենց իշխանության գալուց հետո մոնիտորիգ են արել՝ հասկանալու խոշորացման դրական և բացասական կողմերը․

«Ճիշտ կառավարման և վարչատարածքային ճիշտ բաժանում կատարելու պարագայում խոշորացված համայնքները մի քանի անգամ արդյունավետ են, նրանց ֆինանսական միջոցներն օգտագործվում են շատ արդյունավետ»։

 Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ խոշորացված համայնքներ են լինելու Լոռու և Տավուշի մարզերում։ Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքների միավորմամբ կհիմնվի Իջևան միավորված համայնքը, նշեց նախարաը․

«Խոսքն ընդհանուր 21 համայնքի մասին է: Նախատեսվում է ունենալ Իջևան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն և ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն համայնքներից»,-նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը առավել արդյունավետ է։

Պապիկյանը վստահեցրեց, որ համայնքի ձայնը լսելի է լինելու,  եթե որևէ համայնքում խնդիր է առաջանում, և համայնքը չի ցանկանում միավորվել, ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իրականացնում է ստորագրահավաք, և համայնքի ընտրողների 20 տոկոսի ստորագորությունն ունենալու պարագայում դիմում է համայնքապետարան։ համայնքապետարանը, եթե ի վիճակի է ֆինանսապես իրականացնել հանրաքվե, ապա դիմում է համապատասխան մարմիններին, և տեղի է ունենում հանրաքվե իրականացնելու նրանց ցանկությունը։

«Ես կոչ եմ անում  հանրությանը այս պրոցեսին վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվի ՀՀ պատասխանատու քաղաքացին, իր համայնքի համար պատասխանատու քաղաքացին, չառաջնորդվել նեղ անձնական, ազգակցական, այսպես ասած, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի և պետության շահերով»,- նշեց Պապիկյանը։

2020թ. հունիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքներում առաջարկվում է անցկացնել համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություն:

վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ իրենք հստակ հայտարարել են, որ առանց համայնքի բնակիչների համաձայնության խոշորացում տեղի չի ունենալու։

«Երբ մենք հայտարարում ենք կառավարության մտադրության մասին խոշորացման վերաբերյալ, այն համայնքներում, որտեղ կա առարկություն, այդտեղ քաղաքացիները իրենք կարող են կազմակերպել հանրաքվե, և երբ հանրաքվեն նախաաձեռնվում է, և արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, մենք նման պարագայում զերծ կմնանք խոշորացումից»։

Վարչապետն ընգծեց, որ խոշորացման արդյունքում գյուղը չի վերանում, լինելու են համայնք և բնակավայր։