Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ-ի լիազորությունների մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցությունն օգտվում է Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի լիազորությունից։ Այսպես է բացատրում խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը խմբակցության 37 պատգամավորների հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծին առաջին ընթերցմամբ դեմ քվեարկելու մտադրությունը և նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։
Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
«Խորհրդարանին պարտավորությունը ՍԴ-ին դիմելու ընթացակարգը նշված է «ԱԺ- Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածում, որը վերաբերում է 2-րդ ընթերցումից առաջվան։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու մասին «ԱԺ Կանոնակարգ» օրենքը որևէ հիշատակում չի անում»,- ասաց պարոն Հովակիմյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե «ԱԺ Կանոնակարգ» օրենքը բարձր չէ Մայր օրենքից, Վահագն Հովակիմյանը համաձայնեց, բայց կրկին պնդեց, որ «ԱԺ Կանոնակարգ» օրենքում կարգավորված չէ առաջին ընթերցմամբ չընդունվելուց հետոն։
Ի դեպ, Սահմանադրության 168-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։
Վահագն Հովակիմյանն արձագանքեց:
«Սահմանադրության 168-րդ հոդվածը նախատեսում է ՍԴ-ի լիազորությունները։ Լիազորություններ ունենալը չի ենթադրում պարտադիրություն։ Դա պետք է լինի Սահմանադրությամբ տվյալ իրավակարգավորումը նախատեսող դրույթով»,- ասաց նա։