Հայաստանի հրաձիգները կպայքարեն և՛ մեդալների, և՛ օլիմպիական ուղեգրերի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 9–ին կմեկնի Լեհաստանի Վրոցլավ քաղաք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և նրա երկու օգնականների ղեկավարությամբ մեր 12 նշանառուները ուսումնամարզական համատեղ մարզումներ կանցկացնեն Լատվիայի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականների հետ:
Փետրվարի 23–ից մինչև մարտի 2–ը Վրոցլավում կանցկացվի հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերի ուղեգրերի: Մյուս մասնակիցները Ճապոնիա կարող են մեկնել վարկանիշային միավորներ վաստակելու օգնությամբ: Օլիմպիական ուղեգրեր կխաղարկվեն նաև մայիսին Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարում:
Տոկիոյի խաղերին մասնակցելու հույսեր ունեն նաև Հայաստանի ստենդային հրաձգության (թռչող ափսե) ներկայացուցիչները: Նրանք ուղեգրերի համար կպայքարեն մայիսին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: