«Իմ քայլ»-ում վստահ են, որ ժողովուրդը հանրաքվեին կողմ կքվեարկի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությանը արձագանքելո՞ւ են, թե՞ ոչ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով եվրոպական կառույցում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի կոչին, թե խրախուսում են Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար։
«Եթե չեմ սխալվում, այս դեպքում հարցը նույնիսկ ոչ թե խմբակցության տիրույթում է, այլ ԱԺ նախագահի, որովհետև նախագիծն արդեն ընդունվել է»,- ասաց պարոն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորի հեղինակած Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը, որից հետո ԱԺ-ն սկսեց քննարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը և այն 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց։
«Ա1+»-ի հարցին, թե իշխանությունը մտահոգություն չունի՞, որ ԵԽԽՎ-ից նման արձագանք է եղել, գուցե այդ կերպ իրենց անհամաձայնության մասին են ակնարկել, Վահագն Հովակիմյանը չհամաձայնեց։
«Նույն ԵԽԽՎ անդմամ երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով մենք երեկ առաջնորդվել ենք։ Այսինքն 95 տոկոսի մոտ խորհրդարանը հանրաքվեի մասին նախագիծն ընդունում է և ներկայացնում է իրենց ժողովրդի հաստատմանը։ 2 երկիր՝ Ուկրաինան և Մոլդովան են միայն, որ պետք է Սահմանադրական դատարան դիմեն,- ասաց նա։
«Իմ քայլ»-ում վստահ են, որ ՀՀ նախագահը կստորագրի ԱԺ ընդունած որոշումը։ Վստահությունը վարչապետ Նիկոլ Փաշինիյանի կողմից արված այն հայտարարությունն է, որ նախագահը կողմ է հանրաքվեին։
Խմբակցությունում վստահ են նաև, որ ընտրական իրավունք ունեցողները կողմ կքվեարկեն Սահմանադրությունում փոփոխությունների համար։
«Իհարկե, վստահություն կա, բայց ամեն դեպքում ինքը ՀՀ քաղաքացի է, կամ հաստատելու է մեր վստահությունը, կամ Աստված չանի վատ սցենարով գնա»,-նշեց Վահագն Հովակիմյանը։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ն որոշումը կներկայացնի ՀՀ նախագահին, եթե նա ստորագրի, ապա օրենքով սահմանված ժամանակում հանրաքվեի օր կնշանակի։
Մեր հարցին, թե ՍԴ-ի եզրակացությունը պե՞տք է, նա արձագանքեց․
«Սահմանադրական դատարանի եզրակացություն լինելու համար այս հարցի վերաբերյալ հստակ կանոնակարգում չկա։ Բացի այդ էլ, ՍԴ 7 անդամներ այս հարցում շահագրգռվածություն ունեն և ինչ-որ առումով նրանց վատ դրության մեջ կդնեք, եթե այս հարցը փոխանցվի ՍԴ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։