Եղեք Հայկուշի նման․ 78-ամյա պապի հերոսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին78 -ամյա Համլետ Հարությունյանը դողացող մատներով մակագրում է իր «Քո երջանկությունը» գիրքը, որը տպագրել է խնայած գումարով։
Համլետ Հարությունյանն ապրում է Թիվ 1 տուն-ինտերնատում։ Այսօր նրա գրքի շնորհանդեսն էր, որը կազմակերպել էր տարեցների աջակցությամբ զբաղվող «Կողքիդ եմ» ՀԿ-ն։
«Նա ինքն է մեզ գտել, որպեսզի օգնենք գրքերի սպառման հարցը լուծելու։ Գիրքն էլ իր թոշակի գումարը հավաքելով է տպագրել »,- ասում է ՀԿ-ի նախագահ Գայանե Պողոսյանը։
Համլետ Հարությունյանը դժվարությամբ է լսում եւ հարցերից շատերը չի հասկանում։ «Քո երջանկությունը» քառյակների եւ երգերի ժողովածու է, որը պատմում է Հայկուշ անունով 16-ամյա աղջկա սիրո մասին։ Ասում է՝ կարող էր պետության, ազգի մասին գրել, բայց հետո ցանկացել է աշխարհն իմանա Հայկուշի մասին
«Ես կուզեմ ասել, որ մեր ժողովուրդը լինի այնպես, ինչպես գրված է իմ գրքում, և մեր հայ աղջիկները լինեն այնպես, ինչպես իմ գրքի հերոս Հայկուշն է»,- ասում է Համլետ պապը։
Պապիկի խոսքով՝ մյուս գիրքն է գրում որպես շարունակություն՝ արդեն Հայկուշի դստեր մասին, որը, իր կարծիքով․ ավելի հետաքրքիր է լինելու։ Թե ինչպես է հայտնվել տուն-ինտերնատում, արմատներով Վրաստանից Համլետ Հարությունյանը չի պատմում։
«Կողքիդ եմ» ՀԿ-ի նախագահ Գայանե Պողոսյանն ասում է, որ Համլետ պապը նաեւ երգում է ինտերնատի երգչախմբում, շվի նվագում։