Կոնստանտին Օրբելյանը վերականգնվեց թատրոնի տնօրենի պաշտոնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանn այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ պարոն Օրբելյանը շահել էր դատը, որից հետո նախարարությունը դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն մերժվել էր։
Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ իրեն տնօրենի պաշտոնից զրկելը, ցավոք անդրադարձավ նաև թատրոնի գործունեության վրա։ Քանի որ, որպես տնօրեն ինքը ստորագրությունից զրկված էր, այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել անցած տարվա ապրիլից, ստիպված եղան չեղարկել։ Հովանավորները խզեցին պայմանագրերը, չիրագործվեցին նաև հյուրախաղերը՝ Կատար, Բահրեյն և Դուբայ։
Վաղը պարոն Օրբելյանը հանդիպելու է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, և արդեն պարզ կլինեն անելիքներն, ու կճշտվեն նախագծերը։
«Իմ պայմանագիրը մինչև օգոստոսի երեքն է, այնպես որ ժամանակը սուղ է, հուսով եմ՝ կհասցնենք կյանքի կոչել նախատեսված ծրագրերը»։ Իսկ նոր պայմանագիր իր հետ կկնքեն, թե ոչ, առայժմ պարզ չէ։
«Ա1+» -ի հարցին, թե ինչպես ընդունեց տնօրենի պաշտոնում նրա վերականգնվելու լուրը թատրոնի կոլեկտիվը, պարոն Օրբելյանը պատասխանեց․ «Ոմանք ուրախությամբ, ոմանք՝ ոչ այնքան։ Կարծում եմ՝ դա բնական է։»