Բացել լրահոսը Փակել լրահոսը
0C9F4FD9-3DD3-4A39-B1FB-B6563E688ECE_w1200_r1_s
A A
Քաղաքականություն Մարզեր

Մարզպետն առանձնացրել է 2020-ի առաջնահերթությունները

2019-ը  բավականին արդյունավետ տարի է եղել Լոռու մարզի համար։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ամփոփելով տարին, ասում է՝ իրականացվել են 55 սուբվենցիոն ծրագրեր։

«Խոշորացված համայնքների արդյունքը այստեղ է երեւում, ծրագրերի հիմնական մասնակիցները խոշորացված համայնքներն են, որոնք ունեն ֆինանսական մեծ միջոցներ եւ կարողանում են ծրագրերից լիակատար օգտվել»,- ասում է մարզպետը։

2020 թվականի ծրագրերի մասին Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ իրականացվելու են  ճանապարհաշինական, ջրագծերի, լուսավորության, համայնքային կենտրոնների կառուցման, ՄԱԿ-ի հետ համատեղ՝  բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրեր։  «Այս տարի կվերանորոգվի 112կմ ճանապարհ, որը ներառում է Վանաձոր-Ալավերդի եւ միջպետական ճանապարհները»,- ասաց նա։

Մարզպետն առանձնացրեց  2020 թվականի  առաջնահերթությունները․

«Գիտեք, որ երկրաշարժի հետևանքով ունենք անօթևան մնացած շահառուներ, որոնց համար անցյալ տարի բնակարաններ են հատկացվել,  այս տարի  այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու և խնդիրը վերջնական լուծելու»,- նշեց մարզպետը։

Մարզի խնդիրներին  անդրադառնալով՝ նշեց, որ շատ են եւ հընթացս կարգավորվում են, առանձնացրեց իրենց ենթակայության տակ գտնվող 149 դպրոցների  շենքային   վատ պայմանները, դրանց տանիքի, ջեռուցման և պատուհանների վիճակը։

Մարզպետի  ուշադրության կենտրոնում է նաև ապօրինի սեփականաշնորհումների հարցը․

«Երբ  տեսնում ենք, որ իրավախախտումներ կարող են լինել, կատարում ենք հարցումներ տարբեր գերատեսչություններ, խնդրի առկայության մասով վստահ լինելու դեպքում գործերը փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Արդեն այնտեղ են գնահատվում հասցված վնասը և այլ հարցեր: Այս պահին կոնկրետ թվեր չեմ կարող ասել, սակայն ապօրինի սեփականաշնորհումները բավական մեծ ծավալի են եղել: Խոսքը վերաբերում է մանկապարտեզների շենքերին, շինություններին, այգիներին, համայնքային կարևորության տարածքներին: Ցավոք, այդ պրոցեսը դեռ կշարունակվի, նոր բացահայտումներ կլինեն»,-ասաց Լոռու մարզպետը: