«Դուք չեք գտնի որևէ մի երկիր, որտեղ միանգամից փոխվել է ՍԴ ամբողջ կազմը»․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը համոզված է, որ գերխնդիր է դրված ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ խնդիրն էլ ստիպում է անել հապճեպ և չմտածված քայլեր, որոնք Հայաստանի համար դեռ շատ լուրջ հետևանքներ կառաջացնեն։
Ըստ նրա՝ այդպիսի քայլ է նաեւ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն, որի նպատակն է կասեցնել ՍԴ 7 անդամների պաշտոնավարումը։
Դավիթ Հարությունյանը, որը ներկայումս «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենն է, մտահոգություն է հայտնում, որ գնում ենք հակասահմանադրական ճանապարհով՝ հղի այնքան լուրջ վտանգներով, որ նույնիսկ կարող ենք այն չգիտակցել։
«Եթե այս հանրաքվեն պսակվեց հաջողությամբ՝ հոգուտ դատավորների պաշտոնավարման դադարեցման, ապա մենք տասնամյակներ դեռ ճաշակելու ենք դրա բացասական հետևանքները։ Կնշանակվեն դատավորներ 12 տարով, հետո կգան նոր իշխանություններ, ու նորից կազմը կփոխվի։ Դուք չեք գտնի աշխարհում որևէ մի երկիր, որտեղ միանգամից փոխվել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը»,- ասում է նա։
Լրագրողի հարցին պատասխանելով՝ նա չի բացառում, որ Եվրադատարան դիմեն ՍԴ անդամները եւ հնարավոր է, որ հաղթեն։
Դավիթ Հարությունյանի՝ համոզմամբ՝ Հայաստանը, որը կամովին է անդամակցել եվրոպական կառույցին, հիմա հրաժարվում է խաղալ խաղի կանոններով, ու դա բերում է պետության հեղինակության անկման․ «Մենք պետք է կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա մեր ապագայի համար ավելի վտանգավոր է, քան մեր դիրքերի սասանումը եվրոպական կառույցներում»։