Սերժ Սարգսյանի ներկայությամբ կարո՞ղ էիք էդպես խոսել․ Փաշինյանը՝ Մարուքյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնձ համար անհասկանալի է, եթե դուք պետք է գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, արդարանամ, ասեմ՝ էդպես չէի ասել, իմաստը ո՞րն էր։ Կարո՞ղ է Ձեր ֆեյսբուքի ըքաունթը գողացել են, էդ ի՞նչ բան է խորհրդարանի նիստը էդպես անլրջացնել, էդպիսի բաներ գրել։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըննդիմադիր խմբակցության ղեկավարը վարչապետից նաև հետաքրքրվեց, թե ո՞վ է հանձնարարել Վանձորում Կառավարության կողմից նշանակված աուդիտի հարցերի պլանի մեջ հարցնել, թե ԼՀԿ-ից ո՞վ կա իրենց մոտ աշխատող։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կրկին պարզաբանեց, թե ինչ է ասել փետրվարի 6-ի արտահերթ նիստում, ապա շարունակեց․
«Եկեք նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ որ ինքը նստած է եղել։ Նայենք Ձեր տոնը, Ձեր բառապաշարը, և համեմատենք հիմիկվա հետ, այո, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը բերել է Ձեզ, գոնե ընդունեք դա։ Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ էդպես խոսել, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև որևէ վարչապետի ներկայությամբ։ Հովիկ Աբրահամյանի, մյուսների ներկայությամբ Ձեր խոսակցության տոնայնությանը և հիմիկվա տոնայնությունը։ Ես հասկանում եմ, կարող է Ձեր աթոռից է, որ ոգեշնչում է առաջանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նկատենք, որ նախորդ խորհրդարանում Էդմոն Մարուքյանի տեղում նստում էր Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետարանում աուդիտ հանձնարարողին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Տվեք, տեսնեմ էդ ո՞վ, ի՞նչ է հանձնարարել, ես նրա հարցերը կլուծեմ։ Դուք մտածո՞ւմ եք, որ մենք կարող ենք «Լուսավոր Հայաստան»-ի դեմ որևէ մեկին հանձնարարություն տալ»,- նկատեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։