Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Տավուշը ոգեշնչել է աշխարհի նկարիչներին (տեսանյութ)

Աշխարհի տասնյոթ երկրից Հայաստան ժամանած քսաներեք և Հայաստանը ներկայացնող յոթ նկարիչ 10 օր ապրել են Հաղարծինում, շրջել Տավուշի մարզում, ծանոթացել մշակույթին, ոգեշնչվել և արդյունքում ստեղծել այն կտավները, որոնք և ցուցադրված են Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում՝ «Տավուշն աշխարհի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսում։
 
Աբստրակտ ոճում ստեղծագործող, սիմպոզիումի մասնակից ամերիկուհի Սարա Վաթթերսոնին Տավուշը անասելի ոգեշնչել էր։ 
 
«Հրաշալի գույներ են, հրաշալի մարդիկ: Մասնակիցների հետ ընկերացանք, բոլորն էլ շատ մարդամոտ են: Եվ ամենակարևորն այն է, որ օգտագործում էինք նույն նյութերը, բայց տարբեր արդյունք ստանում»,- ասաց նկարչուհին։
 
Նկարիչ Ավետիս Խաչատրյանը ևս ընդգծեց, որ իր համար հետաքրքիր էր ստեղծագործել օտարազգի նկարիչների հետ, ծանոթանալ նրանց մտածողությանը, աշխատելաոճին, տեխնիկային։ «Ասես տարբեր հեքիաթների առնչվես»,- ժպիտով հավելեց Ավետիսը։
 
Նախագծի հեղինակը՝ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամն է ։ Հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանի խոսքով՝ կտավները, որոնք ցուցադրվել էին Իջևանում, նաև Երևանում ներկայացնելը  մայրաքաղաքի և մարզերի համագործակցության լավ օրինակ է։ Ցուցադրությանը, սիմպոզիումին մասնակից նկարիչների կտավներից բացի, ներկայացված են նաև հայ գեղանկարիչների գործեր թանգարանի ֆոնդերից։
 
Բացմանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով, հաղթելու և երազանքներն իրականացնելու լավագույն ճանապարհը մշակույթն է․
 
«Երջանիկ ենք, որովհետև տաղանդավոր ազգ ենք, և եթե այլ բնագավառներում դժվարությամբ ենք հաղթում, ապա մշակույթի ոլորտում հեշտությամբ ենք հաջողության հասնում, որովհետև մեր շնորհալի հայրենակիցները սփռված են ամբողջ աշխարհում»։
 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կարևորում է մայրաքաղաքի և մարզերի համագործակցությունը, և, եթե նախորդ տարի հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցին Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում, շարունակելու են այդ ավանդույթը, և Տավուշում կանցկացվեն Երևանի օրերը։
 
«Ինչպես նաև հատուկ ուշադրություն ենք դարձնելու  սահմանամերձ գյուղերին», - ասաց քաղաքապետը։
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 4-ը: