Բացել լրահոսը Փակել լրահոսը
84594967_2227295524240172_814284331412357120_n
A A
Քաղաքականություն

Օրինակա՞ն, թե՞ անօրինական հանրաքվե. պարզաբանում են քաղհասարակության ներկայացուցիչները

«Ես կարծում եմ, որ այն նշանակությունը, որը տրվում է այս հանրաքվեին, բավականին դուրս է այն որոշման վեճ-հարցապնդումից, որը կա»,-այսօր հրավիրված քննարկմանը նման տեսակետ հայտնեց  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին։ Ըստ նրա՝ սա նաև կարող է լինել քաղաքական ուժերի դիրքավորման փորձ.

«Եթե նայում ես բուն խնդրին, ո՞րն էր այդքան շտապողականության պատճառը։ Զուտ ՍԴ-ի վերաբերյալ, բավականին ոչ կոռեկտ ձևով ընդունված որոշումը դնել հանրաքվեի, ես մտածում էի, որ հնարավոր է՝ հետագայում ՍԴ-ն պետք է քննարկեր այնպիսի օրենքներ կամ պայմանագրեր, որոնց պարագայում կա համոզմունք, որ այս ՍԴ-ն ունենալու է բացասական գնահատական»:

Նա նշեց, որ հեղափոխությունը տանուլ տված դաշտ է հին իշխանությունների և մարտահրավեր՝ նոր իշխանությունների համար։

Փաստաբան Կարապետ Բադալյանի խոսքով՝ այստեղ միախառնված են իրավական և քաղաքական բաղադրիչները, բայց սա նոր մշակույթի սկիզբ է: Ըստ նրա՝ նախորդ բոլոր հանրաքվեների օրինականությունը մշտապես կասկածի տակ է եղել, այսինքն՝ ինստիտուտը վարկաբեկման ճանապարհ է անցել.

«Եթե մենք հեղափոխությունը դիտարկում ենք նաև արժեքների հեղափոխություն, ապա սա շատ կարևոր քայլ է, որպեսզի ձևավորվի մի մշակույթ, որ կարևորագույն հարցերը իսկապես դրվեն ժողովրդի քննարկմանը»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի օրինականությանը, փաստաբանը չի կարծում, որ այստեղ օրինականության խնդիր կա, որովհետև օրենքը հստակ սահմանում է այն ամենը, ինչ կատարեց Ազգային ժողովը:

Փաստաբանը կարծում է, որ հանրաքվեի տարբերակը չի կարող քննդատության առարկա դարձնել, որովհետև դրանից բարձր ժողովրդավարության դրսևորում լինել չէր կարող:

Ինչ վերաբերում է «այո» և «ոչ»-ի ճակատին , Բադալյանն ասում է, որ եթե անգամ ֆորմալ առումով «ոչ»-ի ճակատ չձևավորվի, այդ ճակատը արդեն կա՝ խորհրադարանական և արտախորհրդարանական ուժերը բոլորը «ոչ»-ի քարոզը արդեն անում են, և այդ մրցակցությունը արդեն տեսնում ենք:

Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, կարծում է, որ պարտադիր է, որ այդ ճակատը ձևավորվի ֆորմալ առումով:

Ալավերդյանը կոչ է անում իրազեկել քաղաքացիներին այնպես, որ նրանք գիտակցաբար գնան հանրաքվեի և իմանան՝  ինչ են անում:

«Ստեղծվում է նախադեպ, երբ նոր իշխանությունը փոխում է ՍԴ կազմը և բերում է նորը, մյուս իշխանությունը ունենալու է այդ հնարավորությունը, սա երկրի խնդիր է, ես չեմ ուզում, որ «այո» և «ոչ» ասողները անձնավորեն այդ փոփոխությունը»,- ասաց նա: