Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հրշեջ փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա (տեսանյութ)

Փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:

Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա: «ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով (Կունգ) դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից վեց հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարները բահով մաքրել են ավտոճանապարհը, կուտակումից դուրս բերել 26 ավտոմեքենա և 42 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն: Ավտոմեքենաները շարունակել են ճանապարհը համապատասխան ուղղություններով:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել է երկու ձյուն մաքրող տեխնիկա (տրակտոր):