Բացառիկ կադրեր փորձից. Բեթհովենի իրական մեկնաբանություն՝ էքսպրեսիվ նվագախմբի կատարմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների մեկնարկը կտրվի վաղը։ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի առաջին համերգային երեկոն կղեկավարի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը: Նրա խոսքով, Բեթհովենը շատ բարդ և «ագրեսիվ» անձնավորություն է եղել և կարևոր է ճիշտ մեկնաբանությամբ կատարել նրա գործերը։ Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի կոմպոզիտորի ամենահայտնի սիմֆոնիաներից՝ հինգերորդ սիմֆոնիան, որն ըստ պարոն Նելսոնի շատ բարդ գործ է և մարտահրավեր նվագախմբի համար։ Ես հպարտ եմ, որ ձեր էքսպրեսիվ, հիասքանչ նվագախումբն այս մեկնաբանությամբ է կատարելու Բեթհովենի այս գլուխգործոցը, ասաց դիրիժորը։
Դաշնակահար Անդրեաս Ֆրոյլիխը, ով նույնպես ելույթ կունենա համերգին, նշեց, որ ծնվել է Բեթհովենի ծննդավայր Բոնն քաղաքում և իր համար Բեթհովենի հոբելյանն ամեն տարի է։
«Բեթհովենը կանոններ է խախտում, կոտրում մտածելակերպը և ի հավելումն, ունի հումորի զգացում։ Նա կոմպոզիտոր է, որի երաժշտությունը ձեզ ավելի լավն է դարձնում»,- ասաց դաշնակահարն ու ժպիտով հավելեց, որ պարտադիր չէ, որ Բեթհովեն կատարեն միայն գերմանացիները։
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, պետական ուշադրության կենտրոնում է։ Նախագիծը ընդգրկելու է ոչ միայն համերգներ, այլև գիտաժողով, որը կանցնի Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տան Բեթհովենի անունը կրող համերգային դահլիճում։ Նախատեսվում են նաև ցուցահանդեսներ և մրցույթներ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով, Բեթհովենի բոլոր գործերը մեկ տարում կատարելը իհարկե անհնար է, սակայն շատ ծավալուն և բազմազան ծրագիր է լինելու և ընդգրկված են լինելու փայլուն երաժիշտներ։