Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վարչապետն իրեն հատուկ հումորով աբսուրդի վերածեց այս նախագիծը»․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

«Վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի գնումները պետք է հասու լինեն հասարակությանը, դրանք փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար»,- այսօր «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ հեղափոխությունից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ համատեղ ներկայացրել էին նախագիծ, որը նախատեսում էր, որ պետության առաջին 3 դեմքերի գնումների գործընթացը պետք է լինի թափանցիկ:

Մելիքյանը հիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը օրենքի այդ նախագծին.

«Պարոն վարչապետը իրեն հատուկ հումորով աբսուրդի վերածեց այս նախագիծը՝ ասելով, որ մի հատ էլ մեր մարշրուտը նկարագրեք, քանի թիկնապահ ունենք, ինչով են նրանք զինված, և հենց այս ամբիոնից նա հետո հասկացավ, որ ամենևին էլ վատ նպատակներով չէ և տեռորիստներին աջակցելու համար չէ, որ մենք այդ առաջարկը արել ենք, ուղղակի համարում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է այդ տիպի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության առումով, ամոթ է այդպիսի սահմանափակում ունենալ կոռուպցիայի և հաշվետվողականության տեսանկյունից»:

Մելիքյանը հարց է հղում՝ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը վերաբերո՞ւմ է բոլոր պետական մարմիններին, բացի պետության 3 դեմքերից,  և հասարկության առաջ հաշվետվողականությունը նույնպես բոլորի՞ն է վերաբերում, բացի 3 դեմքերից: