Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Կրակն անում եմ, սակայն ինչ է կրակը՝ բացատրել չեմ կարող»․ Փելեշյանի մասին «ԲացաԿա պատկեր»-ի պրեմիերան (տեսանյութ)

Վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի ծննդյան տարեդարձի օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հոբելյարին նվիրված Հրանտ Վարդանյանի «ԲացաԿա պատկեր» ֆիլմի պրեմիերան։ 

Ֆիլմի վերնագիրը, ռեժիսորի խոսքով, հենց այն հիմնարար միտքն է, որն իր դասախոսությունների ժամանակ, ինչպես նաև ֆիլմում, փորձում է բացատրել «Տարածական մոնտաժի» վարպետը։ 

«Ամեն պատկերից հետո կա բացակա պատկեր, բայց եթե ես օրինակ բերեմ, նա կդառնա ներկա։ Կրակն անում եմ, սակայն ինչ է կրակը՝ բացատրել չեմ կարող»։

Ֆիլմում հնչում է նաև մոնտաժի մասին վարպետի առաջին հայացքից աբսուրդ թվացող միտքը․ «Մոնտաժը ֆրանսերեն տերմին է, որ նշանակում է կպցնել, իսկ ես մոնտաժ ասում եմ, երբ կադրերը հեռացնում եմ իրարից, հետևաբար չեմ կարող ասել, սա մոնտաժ է, թե չէ․․․»։

Նկարահանումներն անցել են Երևանում, Լիսաբոնում, որտեղ «Կինոդարանը» Փելեշյանին հրավիրել էր հանդիպման, և Փարիզում։

Ֆիլմի օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է։

«Ա1+»-ի հարցին, արդյո՞ք վարպետի հետ իրենց մտերմությունն օգնել է, կինոօպերատորը պատասխանեց․ «Երեսունից ավել տարի է անցել, երբ Փելեշյանի մոտ նկարահանում էի նրա «Վերջ» և «Կյանք» ֆիլմերը։ Սա մեծ դաս էր, մեծ քննություն։ Իմ ուսուցիչն է, մտերիմ ենք։ Հիմա նորից հանդիպեցինք, այս անգամ արդեն այլ դիրքում, ես կամերայի հետ, իսկ նա՝ օբյեկտիվի առջև։ Դա, իհարկե, ավելի հեշտ էր, քանի որ ես նրան լավ գիտեմ, լավ եմ զգում և կարծում եմ՝ արդյունքն էլ լավն է»։