Բացել լրահոսը Փակել լրահոսը
87574270_644090642830692_1061850790429196288_n
A A
Հասարակություն

«Ապրել անդրանիկավարի, չլռել»․ այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան 155-ամյակն է (տեսանյութ)

«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է Անդրանիկ Զորավարը:

Այսօր՝ փետրվարի 25-ին, հայ զորահրամանատար, գեներալ, պետական գործիչ, ֆիդայապետ Զորավար Անդրանիկի ծննդյան 155-ամյակն է։

Եռաբլուրում տեղի ունեցավ  ծաղկադրման արարողություն, որը կազմակերպել  էր  «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպությունը։ Չնայած ձնախառն անձրեւին՝  մարդաշատ էր։ Հավաքվածների թվում շատ էին աշակերտները։

«Ֆիդայիներ» ՀԿ-ի ղեկավար Սեյրան Չիլինգարյանը կարծում է, որ Զորավարի սխրանքն առ այսօր ոգեւորում է  երիտասարդներին։

«Կոչ եմ անում ապրել անդրանիկավարի, չլռել,  ինչ-որ խժդժությունների դեմ չկանգնել, հող են ազատագրել մեր տղաները, մի քիչ կիսատ ենք թողել։ Սերունդներին հղելու ենք, որ շարունակեն մեր կիսատ թողած գործը, մենք Գանձակում, Վանում, Մուշում, Սասունում պետք է տոնենք այս տոնը»,-ասում է  նա։

 «Անդրանիկը մեր ամենահերոսական, մեր ամենաողբերգական կերպարն է, մեր հավաքական բնազդը, նոր էպոսի հերոսը»,- ասում է  ներկա գտնվողներից  Թաթուլ Կարապետյանը, ապա հավելում՝ «այս մղձավանջն էլ Անդրանիկով է հնարավոր բուժել»։

 «Հպարտ եմ, որ հայ եմ, որ Անդրանիկի հետնորդներից եմ։ Ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է այցելում Անդրանիկի շիրիմին, հուսով եմ, որ սերնդեսերունդ կայցելեն, կհիշեն եւ կհպարտանան»,- նշում է զորավարի ազգական Լեւոն Օզանյանը։

Հիշեցնենք, որ Զորավար Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում: