«Փոխնախարարը պետք է ապացույցներ ներկայացնի իրավապաշտպանների վերաբերյալ հնչեցված հայտարարությունների մասով» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տարիներ շարունակ փորձ է կատարվել ամեն ինչում մեղադրել իրավապաշտպաններին, երբ զորքի առաջ զինվորը ինքն իրեն կրակում է, փաստորեն իրավապաշտպաններն են մեղավոր, ովքեր տարիներ շարունակ եղել են զինվորների կողքին, պաշտպանել նրանց իրավունքները»,- «Բանակում ոչ կանոնադրային հարաբերություններ են իրավապաշտպանների՞ պատճառով. ինչո՞ւ է ՊՆ-ն թիրախավորում իրավապաշտպաններին» թեմայով քննարկման ընթացքում, անդրադառնալով ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի այն հայտարարաությանը, թե որոշ իրավապաշտպաններ հրճվում են բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքով և քայքայիչ գործունեություն են իրականացնում, նման տեսակետ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Ղարագյոզյանն անդրադարձավ հինգ տարի առաջ զինծառայող Արթուր Հակոբյանի՝ բանակում դաժան խոշտանգումների ենթարկվելուն ու հոգեկան առողջության հետ խնդիրներ ձեռք բերելուն․
«Ինչո՞վ էր զբաղված Գաբրիել Բալայանը, երբ մինչ օրս պայքարում ենք, որ այս զինվորը թոշակ ստանա, որովհետև այդ դեպքը բանակում է եղել, և ընդհանուր առմամբ սևազգեստ մայրերին, երբ նախկին իշխանության օրոք ոստիկանները փողոցից փողոց քարշ էին տալիս, հետաքրքիր է՝ Գաբրիել Բալայանը ինչո՞վ էր զբաղված։ Այսինքն՝ այս ամենի մեղավորը իրավապաշտպաննե՞րն են»։
Արա Ղարագյոզյանը, նշեց, որ որպես զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան՝ որևէ կաշկանդվածություն չունի և պատրաստ է ստուգման ենթարկվելու ԱԱԾ-ի կամ իրավապահ համակարգի այլ կառույցի կողմից։
Ղարագյոզյանի պնդմամբ՝ ՄԻԵԴ-ը զինվորական գործերով բազմիցս շեշտել է, որ եթե զինվորը գնում է բանակ, արդեն իսկ գտնվում է պետության հոգածության ներքո․
«Հարց է առաջանում՝ եթե զինվորը ունեցել է առողջական խնդիրներ, ապա ինչո՞ւ է զորակոչվել բանակ, կամ եթե զորամասում է մահվան դեպք գրանցվել առողջական հիմքով, ինչո՞ւ պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, և նրանք չեն գտնվել հիվանդանոցում, սրանք բազմաթիվ հարցեր են, որոնք փորձ է արվում բարդել ոչ իրենց վրա։ Ակնհայտ է մի բան, որ պետության պոզիտիվ պարտականությունը կա զինվորի կյանքի նկատմամբ, և անտրամաբանական է, որ երբ խոսք է գնում այդ 13 դեպքի մասին, նրանք շեշտում են, որ դրանք ոչ թե ինքնասպանություններ են, այլ նաև առողջության հետ են կապված մահվան դեպքերը»։
Նրա խոսքով՝ Բալայանը պետք է ներկայացնի համապատասխան ապացույցներ իրավապաշտպանների վերաբերյալ հնչեցված հայտարարությունների մասով, իսկ եթե նման ապացույցներ չկան, ապա Բալայանը, որպես պաշտոնատար անձ, անելիք չունի այդ համակարգում։
«Բալայանը պետք է անհանգստանա բանակում տեղի ունեցող կյանքի իրավունքի և խոշտանգումների դեպքերի չբացահայտման համար, որովհետև տարիներ շարունակ այս դեպքերը շարունակվում են, և արդյունավետ քննություն չի իրականացվում»