Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստանի Կառավարություն
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստանի Կառավարություն։ Նրան դիմավորեց Վրաստանի Կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան։ Երկու երկրների ղեկավարները առանձնազրույց կունենան, որից հետո ընդլայնված կազմով հանդիպում կլինի։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ հանդես կգան։
Վրաստանում երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Թբիլիսիի «Հերոսների» պուրակ. նա ծաղիկներ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի։
Նախատեսված է նաև հանդիպում Վրաստանի հայ համայնքի հետ։ Հայկական պատվիրակության կազմում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և այլք։