«Սա այն սեզոնն էր, որ Ծաղկաձորի բնակիչները կարող էին գումար աշխատել. հիմա դրանից էլ զրկվեցին» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ծաղկաձորում հյուրանոցները դատարկվել են, նշեց.
«Այնտեղ արդեն մարդկանցից դժգոհություններ ենք ստացել, որ տուրիստները լքել են, ամրագրումները չեղարկվել են, Ծառուկյանը ի՞նչ շահ ունի այդ հարցում ասելու մի բան, որը իրականությանը չի համապատասխանում: Մարդը հստակ ասեց՝ եթե ուզում եք, մեքենա կտրամադրի, վառելիք կտրամադրի, գնացեք, համոզվեք»:
Հարցին, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ հարցը քննարկե՞լ են, Պետրոսյանն ասաց, որ ամենաճիշտ տարբերակն այն է, որ գնան, համոզվեն:
«Սա այն սեզոնն է, երբ Ծաղկաձորի, Հրազդանի բնակչությունը հնարավորություն ունեն իրեց ծառայությունները մատուցելով՝ մի երկու կոպեկ փող աշխատել, մարդիկ դրանից էլ զրկվեցին»:
«Ա1+»-ից հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնում է, որ մարզերում վարչական ռեսուրս կիրառելու հետ կապված ահազանգեր են ստանում՝ հանրաքվեի հետ կապված, իրենք ստացե՞լ են արդյոք նման արձագանքներ, Պետրոսյանն ասաց.
«Ես անձամբ նման արձագանք չեմ ստացել, բայց դուք ասում եք մի բան, որը միանգամայն հնարավոր է։ Բայց այլ է հնարավորը, այլ է կոնկրետ փաստը»:
Պետրոսյանը վերահաստատեց, որ որեւէ մասնակցություն չեն ունենալու հանրաքվեի քարոզարշավին։