Դատապարտում ենք իշխանության կրավորականությունը․ «Սասնա ծռեր»
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Իշխանափոխությունից հետո Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվելու փոխարեն նույնիսկ հետընթաց է արձանագրում։
Գյումրիում՝ ռուսաստանյան 102-րդ ռազմակայանին օգտագործման համար տրված տարածքում, տեղադրվել է Նիկոլայ 1-ին ցարի կիսանդրին։
Նիկոլայ 1-ինը արյունոտ բռնապետ է եղել։ Նա է լուծարել Հայկական մարզը և այդպիսով թաղել է հայոց պետականության վերստեղծման հեռանկարը։
Նրա կիսանդրու տեղադրումը թերևս ուղերձ է ռուսական կայսերականության ոգու վերածննդի և կոշտ գաղութատիրության հաստատման վերաբերյալ։
Այդ մասին են վկայում նաև Ռուսաստանում Զորավար Անդրանիկի հուշարձանը հանելու և Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու գործողությունները։
Մինչդեռ Կրեմլի բացահայտ գաղութատիրական նկրտումների ֆոնին գործող իշխանությունը շարունակում է ապստամբներ դատել, նրանցից երկուսին ռազմագերու կարգավիճակով պահում է բանտում և չի համարձակվում Հաց Բերողի հուշարձանը դնել Երևանում։
Առաջին հայացքից թվացյալ այս հակասությունն իրականում շատ օրինաչափ է։
Նիկոլ Փաշինյանը կիսագաղութային համակարգի ադմինիստրատոր Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումից հետո հրաժարվեց հեղափոխությունից և դարձավ նրա իրավահաջորդը, որի պատճառով մինչ օրս ստիպված է ոչ միայն հարմարվել ՀՀ ինքնիշխանության նկատմամբ Կրեմլի բոլոր ոտնձգություններին, այլև ժամանակ առ ժամանակ դառնալ դրանց սպասարկուն։
Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխանության դեմ Կրեմլի ոտնձգությունների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կրավորականությունը»։