Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագծով առաջարկվում է թույլատել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղորայք (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է  հեղինակել, որն առաջին ընթերցմամբ այսօր խորհրդարանում քննարկվեց:

«Բոլորս էլ սոցիալական ցանցերում հանդիպում ենք գրառումներ` ով կա Մոսկվայից, Եվրոպայից, մի տուփ այսինչ դեղն է անհրաժեշտ, Հայաստանում այն չի վաճառվում, և շատ քաղաքացիներ ցանկանում են այն  արտերկրից ստանալ: Այսօր  գործող կարգավորման համաձայն՝ անձը ֆիզիկապես սահմանը հատելիս կարող է իր հետ դեղ տեղափոխել, բայց եթե պատվիրում է, օրինակ, փոստային ծառայության միջոցով, արգելվում է ստանալ այդ դեղը: Անգամ եթե արտերկրից բարեկամները պասիլկա են ուղարկում, եթե այնտեղ մի տուփ դեղ կա, ամբողջ բեռը չի տրամադրվում, մինչև տվյալ անձը չի գնում մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր, հետո ամբողջ բեռը բացվում է, դեղը ոչնչացվում, նոր մյուս ապրանքները տալիս են»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով` նախագծով առաջարկվում է թույլատել նաև փոստային ծառայության միջոցով ստանալ դեղորայք` յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար ամիսը ոչ ավելի, քան մեկ անգամ: Դեղորայքի քանակը սահմանելու է կառավարությունը:

«Այս տարբերակով 9 տուփից ոչ ավելի դեղ կարելի է տեղափոխել , եթե բուժման համար ավելի մեծ քանակի դեղ պետք չէ: Սրանով կթեթևանա քաղաքացիների հոգսը, նաև հնարավոր ռիսկերից խուսափելու համար միջոց է»,-նշում է նախագծի հեղինակը:

Նրա հավաստմամբ՝  մաքսային ծառայությունում վիճակագրություն է  լինելու, անձանց տվյալները կլինեն, օրինակ, որևէ անձ ներկրել է այսինչ դեղը, և ըստ դրա՝ կվարվի վիճակագրություն, քաղաքացու անվանումը գրանցվելու է և կազմվելու է վիճակագրություն:

«Եթե ազդանշանը վառվեց, որ ինչ-որ մի անձ իր անունով պարբերաբար թանկարժեք որոշակի դեղ է ստանում , ներկրում Հայաստան, տեսչական մարմինը կարող է զբաղվել դրանով` հասկանալու համար ստացողի ընտանիքում կա որևէ խնդիր, որովհետև օրենքն ասում է` իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի համար»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ սա վտանգավոր նախագիծ է, պետք է քննարկվի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հարց բարձրացրեց, թե արդյոք չկա՞ ռիսկ, որ դեղորայք ներկրողները տարբեր անձանց անուններով գրանցվեն, ներկրեն ու վաճառեն:

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց`  մատնանշած դեղորայքը թանկարժեք է, գերազանցելու է սահմանաչափը և հարկվելու է․ այստեղ վտանգը նվազեցվում է, որովհետև հարկերը, միևնույնն է, վճարվելու են: