Կոնկրետ ասել են՝ չմուծեք, ավտոն չեք ստանա. ավտոներկրող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց հայաստանցի ավտոներկրողների բողոքի ակցիա են իրականացնում ։ Նրանք բողոքում են Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության դեմ՝ պնդելով՝ վերջինս չի կատարում իր պարտավորությունները։
««Կովկասուս ավտոինպորտ» ընկերության հետ ունենք պայմանավորվածություն, եթե մեքենան մենք գնում ու տեղափոխում ենք Հայաստան, մեքենան վնասվելու դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել վնասները, էդ միշտ եղել է էդպես»,- նշում է բողոքի ակցիայի մասնակից Էրիկ Հայրապետյանը։
Ըստ ավտոներկրողների՝ 2019 թ. օգոստոսից սկսած՝ ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառված վնասները, որը ընկերության հաշվարկով կազմում է մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլար։
«Իրենց հաշվարկածով 700 հազար ԱՄՆ դոլար է կազմում, գումարած դրան մեր մուծած «շտրաֆներն» էլ հաստատ 600-700 հազար դոլար է կազմելու, մարդիկ են եղել 80 հազար դոլարով «շտրաֆներ» են մուծել անօրինական, որովհետեւ, երբ մեքենաները գնել ենք, պայմանագրի մեջ չի եղել այդպիսի կետ, որ մենք մեքենան գնելուց հետո ինչ-որ տուգանքներ պետք է մուծենք»,- նշում է Էրիկ Հայրապետյանը։
Ակցիայի մեկ այկ մասնակցի խոսքով, ընկերությունը պարզաբանել է, թե ինչու՞ փոխհատուցում չի իրականցվել․ «Ընկերությունը ասաց, որ հայերի պատճառով 1 միլիոն 450 հազար դոլար տուգանք է մուծել»։
Քաղաքացին վստահեցնում է, որ նման բան չի եղել, եւ եթե ներկրողները թեկուզ մեկ դոլար տուգանք ունենային, նրանց թույլ չէր տրվի մեքենան ներկրել։
Շատերն ասում են՝ գնում են անխափան մեքենա, բայց գալիս հասնում է, տեսնում են՝ խափանված շարժիչով է մեքենան։
Ակցիայի մասնակից Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ընկերությունը չի վճարում ապահովագրական հատուցումները, մինչդեռ ավտոներկրողները ապահովագրել են իրենց տրասնպորտային միջոցները, որոնք տեղ են հասել վնասված, հետեւաբար դրանք ենթակա են ապահովագրական հատուցման։
Տույժերի եւ տուգանքների մասին նա նշեց, որ երբ տրասնպորտային միջոցը բերվում է, մեքենան իրավունք ունի անվճար մնալ Վրաստանի նավահանգստի ավտոկայանտեղիում, բայց «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը ունենալով տեղափոխման լիազորություն, մեքենաները տեղափոխել է վճարովի կայանատեղի, առանց սեփականատերերի համաձայնության, եւ պահանջել է տույժեր եւ տուգանքներ վճարել։
Ավտոներկրողները դիմում-նամակ հանձնեցին Վրաստանի դեսպանատուն՝ այդքանով համարելով ակցիան ավարտված։