Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես չեմ սպառնացել իրավապաշտպաններին․ փոխնախարար (տեսանյութ)

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե եթե վարչապետը  հայտարարում է, որ 2019-ին բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, ապա այդ դեպքում բարոյահոգեբանական վարչության պետի հեռացումն ինչով է բացատրվում, արձագանքեց.

«Այս թեմային անդրադառնալու առիթ ունեցել եմ: Վարչապետն այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետևություններ անել աշխատանքի որակից: Իսկ այն սուբյեկտիվ կարծիքը, որ ունեմ ես, չեմ հանրայնացնելու»:

Հարցին, թե այս փուլում պաշտոնանկություններն ավարտվելո՞ւ են, Բալայանն ասաց, որ վարչապետն իր համապատասխան վերլուծություններն է անում և իր սահմանադրական իրավունքն է իրացնում, ուստի ինքը մեկնաբանել չի կարող:

Հարցին, թե Արցախի պաշտպանության նախարարի փոփոխության մասին ի՞նչ դիտարկումներ ունի,  փոխնախարարն ասաց, որ Արցախի նախարար նշանակելու լիազորությունները պատկանում են Արցախի Հանրապետության նախագահին, քանի որ իր լիազորությունների շրջանակներում չէ:

Անդրադարձ եղավ նաև բանակում կատարված հանցագործություններին և դիտարկումներին, որ դրանք անպատժելիության հետևանք են, Բալայանն ասաց, որ եթե  իրավական պետություն կառուցելու ճանապարհով ենք գնում, պետք է խոսենք օրենքի շրջանակներում:

Նա վստահեցրեց, որ  պատասխանատվության են ենթարկվելու բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

«Առաջին պատասխանատվություն կրողը հենց մենք ենք, խուսափել այդ պատասխանատվությունից հնարավոր չէ և ցանկություն էլ չկա»:

Բալայանն անդրադարձավ նաև իրավապաշտպաններին ուղղված իր հայտարարությանը եւ վերջիններիս արձագանքին:

«Մենք ունենք իրավապաշտպաններ, ովքեր կառուցողական դաշտում են գտնվում, անգամ իրենց ՝ մեզ հղած հարցումները շատ լուրջ վերլուծությունների տեղիք են տալիս: Ես չեմ սպառնացել իրավապաշտպաններին, այն, ինչ ես ասել եմ, որևէ մեկը չփորձեց հերքել, կան մասնավոր դեպքեր, և կարծում եմ, որ եթե իրավաչափության հետ կապված խնդիր կա, պետք է իրավապահները զբաղվեն դրանով, մասնավորապես՝ եթե այլ շահ է հետապնդվել, քան հանրային շահը, ապա, այո, դա պետք է համապատասխան իրավական գնահատական ստանա։ Պետք չէ հրամցնել հանրությանը, որ բանակը, զինծառայողը, սպան վատն են, մնացած բոլորը լավն են, հավատացեք՝ մեր հասարակության շատ անդամներ շատ բան ունեն սովորելու  գեներալների կյանքի փորձից, աշխարհհայացքից»:

Նա նշեց, որ իր հայտարարությունը վերաբերվել է ոչ բոլոր իրավապաշտպաններին: