Ոչ մեկի մատուցած «արջի ծառայությունը» մեզ պետք չէ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր քաղաքացիները չունեն խուճապի մատնվելու որևէ պատճառ և կարիք»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ ջերմաստիճանի փոփոխման պայմաններում վիրուսը մեր երկորւմ մոտ երկու շաբաթից կնահանջի։
«Իմ ընտանիքի օրինակով կարող եմ ասել,որ մենք մեր գրաֆիկը նուն կերպ շարունակում ենք, որևէ փոփոխություն չի եղել։ Մեր երկրում այս պահին նույն իրավիճակն է, ինչ մի քանի օր, մի քանի տարի առաջ, որևէ բան չի փոխվել»,-վստահեցրեց
Պատգամավորը վստահ է՝ մի քանի օր անց պարզվելու է, որ այս պահին «Գոլդեն փելես»-ում կորոնավիրուսի կասկածով գտնվող անձինք առողջ են և որևէ խնդիր չունեն։
Ինչ վերաբերում է այս իրավիճակի հնարավոր տնտեսական հետրևանքներին, պատգամավորն ասում է․
«Դեռևս վաղ է գնահատել՝ ինչպիսի ազդեցություն կլինի, բայց եթե անգամ որոշակի ազդեցություն լինի, շատ աննշան է լինելու։ Պետք է անել այն, ինչ վարչապետը արեց։ Ամենալավ բանն այն է, երբ երկրի վարչապետը գնում է Ծաղկաձոր, ռեստորանում հաց է ուտում և գիշերակաց է անցկացնում, առավոտյան գալիս է աշխատանքի, դրանից լավ բան հնարավոր չէ անել»։
Պատգամավորը վստահ է՝ որևէ ծաղկաձորցի չի հիվանդացել և չի հիվանդանալու․
«Որևէ ծաղկաձորցու հիվանդանալը այնքան է հավանական, ինչքան Մեղրիինը, Գյումրիինը, Երևանինը, որևէ խնդիր այստեղ չկա»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս իրավիճակը հանարքվեի կամ քարոզարշավի վրա էական ազդեցություն ունենա, պատգամավորն ասաց․
«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ որևէ ազդեցություն ունենալ չի կարող և չի ունեցել»։
Նշեց, որ ակտիվ քարոզարշավը կմեկնարկի քառօրյայի ավարտից անմիջապես հետո։
Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնում է, որ մարզերում վարչական ռեսուրս կիրառելու հետ կապված ահազանգեր են ստանում՝ հանրաքվեի հետ կապված, պատգմավորն արձագանքեց․
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, եթե այդպիսի բան եղել է, ես կխնդրեի հանցագործության մասին հաղորդում տալ, իսկ եթե ուղղակի հայտարարում են հայտարելու համար, ապացուցում է, որ այդպիսի բան չկա։ Որևէ մեկի արջի ծառայությունը մեզ պետք չէ և մենք առաջին դատապարտողն ենք լինելու»,-եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնել էր, որ ահազանգեր են ստանում, թե մի քանի մարզերում գյուղապետներին ստիպում են ամեն ինչ անել, որ «Այո»-ն հաղթի։