Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստանի խորհրդարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի խորհրդարան։ Նրան դիմավորեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն։
Ձեռքսեղմումից և համատեղ լուսանկարվելուց հետո վարչապետն ու Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Արչիլ Թալակվաձեի հետ։
Արչիլ Թալակվաձեն նշեց, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի, ինչպես և Վրաստանը:
«Մենք ապրում ենք մարտահրավերներով լեցուն մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ մշտապես պետք է ցուցադրեն իրենց խիզախությունն ու հավատարմությունը ժողովրդական արժեքներին: Շատ հուսադրող են հայաստանյան երիտասարդ քաղաքական գործիչները, մենք սիրով ենք համագործակցում մեր հայ գործընկերների հետ»,- նկատեց Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե միջխորհրդարանական կապերը շատ կարևոր են երկու երկրների միջև ամուր հարաբերություններ ձեւավորելու առումով:
«Մենք մի քանի շատ լավ նորություն ունենք, կարող ենք փաստել, որ ձևավորել ենք երբևէ ամենալավ մթնոլորտը: Տուրիզմն է երկուստեք զարգանում։ Անցած տարի վրացի տուրիստների թվի էական աճ է գրանցել, Վրաստանում ևս մեծ թվով հայեր են անցկացնում իրենց հանգիստը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում կկատարի Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այս հանդիպումից հետո Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում վարչապետը կհանդիպի Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։