Հայրս կալանքի տակ է գտնվում ապօրինի ձևով. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում Քոչարյանի պաշտպանական խումբը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշեց․
«Կարծում եմ՝ բոլորի համար ճիշտ բան կանի հրաժարվի այս գործից, բայց այն, ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, որ կընդունի ինքնաբացարկը»։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ներկայացված միջնորդությունները հետաձգում են դատական բուն ընթացքին անցնելը՝ Lևոն Քոչարյանը նշեց․
«Խնդիր համարում եմ այն, որ հայրս կալանքի տակ է գտնվում ապօրինի ձևով, այսօր գաղտնալսումների մասին ասեցին, այս հանգամանքները ապացուցում են, որ շինծու է այս գործը, և ինչ կարգի է ուղղորդված երկրի վարչապետի կողմից։ Մենք պետք է ասենք՝ եկեք, տարիներով գործը տարեք, այդ ընթացքում էլ հայրս կալանքի տակ մնա, ա՞յս է իրանց տրամաբանությունը, ինչի մասին է խոսքը»։
Լևոն Քոչարյանը նշեց՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունից հստակ երեւում է, որ վարչապետի կողմից կոնկրետ հրահանգ է հնչեցվել։
«Դատավորի գործողություններով տեսել ենք, որ այդպես էլ եղել է թե Յուրի Խաչատուրովի մոտ, որ կալանք չեն տվել, գրավ են կիրառել, թե հորս կալանքի հարցը։ Ի՞նչ է, իրենց թվում էր, որ մարդկանց պետք է կալանավորեն, և լիքը մարդկանց հերթեր պետք է գոյանա, որ ցուցմունքներ տային։ Շատ խորը հիասթափություն ապրեցին, քանի որ իրենց ծրագրածը չեղավ»։,- ասաց նա։