Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled hfhfhfhcollage
A A
Քաղաքականություն

Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ (տեսանյութ)

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում Նիկոլ Փաշինյանին և հայկական պատվիրակության անդամներին Վրաստանի հայ համայնքը բարձր ծափահարություններով ողջունեց։ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ նախ պատվիրակության անդամներին ծանոթացրեց։ Հայաստանի ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջինը այցելել է Վրաստան, հանդիպումներ է ունեցել Վրաստանի հայ համայնքի հետ և Ջավախք այցելել։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ այցի ընթացքում առաջարկել է, որ հայ և վրացական հարաբերությունները փորձեն կառուցել նոր բանաձևի վրա։

«Իմ առաջարկն էր, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ։ Չունեն ոչ մի վատ մտադրություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ։ Ընդհակառակը՝ շահագրգռված են, որպեսզի Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր։ Այդ բանաձևի համաձայն՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն ոչ մի նեգատիվ մտադրություն Հայաստանի ու ժողովրդի նկատմամբ, այլ հակառակը՝ շահագրգռված են, որ Հայաստանը լինի զարգացած ու կայուն պետություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ վերջին 1,5 տարում հայ-վրացական հարաբերությունները հենց այդ բանաձևի վրա են հիմնվել։

«Կարող եմ ասել՝ հաշվի առնելով նույնիսկ այն փաստը, որ մեր երկրների հարաբերությունները միշտ լավ են եղել, մենք հիմա ունենք բացառիկ մթնոլորտ, և թույլ տվեք ասել, որ մեր հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել։ Կարծում եմ, սա նոր հնարավորություններ է ստեղծում թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար, որովհետև գիտեք՝ իմ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերություններին նայենք ոչ թե հնգամյակի, տասնամյակի կտրվածքով, այլ դիտարկենք հարյուրամյակի կտրվածքով, դեպի ապագա և այսօրվանից պլանավորենք, կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ այդ ապագայի նկատմամբ, որովհետև այս տարածաշրջանում կողք-կողքի հազարամյակներ ենք ապրել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Շարունակելով խոսել հայ-վրացական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ ողջունեց թբիլիսահայությանը։

«Մեր մշակույթի ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, ձևավորվել և գործել են թիֆլիսահայության միջավայրում։ Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը ՀՀ-ում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը։ Մեր ժամանակակից ինքնությունը 3 խոշոր հենասյուն ունի՝ Թումանյանը, Թամանյանը, և Կոմիտասը։ Թումանյանը ուղնուծուծով, ճիշտ է ծնված լինելով Դսեղում, բայց կարծում եմ՝ թիֆլիսահայության ամենավառ օրինակն է, նա արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր երկրի պատմության համար։ Կոմիտասը նույնպես բազմաթիվ առնչություններ է ունեցել Թիֆլիսի և թիֆլիսահայության հետ»,- շեշտեց նա։