Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է․

«Քաղաքականությունը, որը Թուրքիան այսօր վարում է Սիրիայում, իր գործելաոճով ամբողջությամբ կրկնում է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունները», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ, պատգամավորն ընդգծեց, որ սա առաջինը չէ և Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, մշտապես փորձել է գերազանցապես  ներգրավված լինել Ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման բանակցային գործընթացում, ինչը նրան երբեք չի հաջողվի.

«Թուրքիան հստակ կողմնակալ ադրբեջանամետ դիրքորոշում ունի իր բոլոր հայտարարություններով, գործելաոճով և դեռևս 1993 թվականին սահմանը փակելով Հայաստանի հետ՝ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Եթե Թուրքիան իսկապես ուզում է ներդրում ունենալ հակամարտության լուծման գործընթացում, ապա նրա լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից, որովհետև բացի վնասից այլ ազդեցություն Թուրքիան ունենալ չի կարող», - եզրափակեց Հայրապետյանը։