Փորձի բացակայությունը կարող է նաև փորձանքի բացակայություն լինել․ պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը մասնակցելու համար հերթագրվեց 24 պատգամավոր․ առաջինը «Բարգավաճ Հայաստանից» Շաքե Իսայանն էր։
Պատգամավորը թեև համաձայն է նախագծի որոշ դրույթների հետ, բայց փաթեթը ինքնին խնդրահարույց է համարում։ Նրան մտահոգում է դատավորների տարիքային շեմի իջեցումը 28-ից 25-ի, ինչպես նաև սահմանված մասնագիտական ստաժի կրճատումը՝ 5-ից երեք տարվա։
«Նման փոփոխությունները, հաշվի առնելով դատավորի մասնագիտական առանձնահատկությունները, ընդունելի չեն։ Մենք առանց այն էլ շատ գործեր ունենք ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ, և նման քայլով հնարավոր է դրանք ավելի շատանան։ Համակարգում բարեփոխումներ անելիս չպետք է անել դրանք որակի հաշվին․ հետո մարդկանց կյանքի հետ ենք խաղալու»,- ասաց Շաքե Իսայանը։
Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս անհանգստություն հայտնեց տարիքային շեմի փոփոխման հետ կապված։ Ըստ նրա՝ գործողությունների հերթականությունը խախտված է։ Նախ պետք է ավարտել սահմանադրական բարեփոխումների հարցը, հետո նոր անցնել սահմանադրական այլ ինստիտուտների բարեփոխմանը։
Խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության հակադարձումը չուշացավ։ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի համոզմամբ՝ երիտասարդների ներուժը բավարար է՝ թե՛ քաղաքական, և թե՛ դատական համակարգերում որոշումների կայացման համար։
«Այս պարագայում փորձի բացակայությունը կարող է նաև փորձանքի բացակայություն լինել»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը։
Նա կարևորեց նաև այն փոփոխությունը, որ եթե նախկինում պետությունը ՄԻԵԴ-ի կողմից մեղավոր ճանաչվելիս բավարարվում էր միայն դրամական փոխհատուցում տալով տուժածին, ապա այս օրենքով հնարավորություն կա հարկ եղած դեպքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, ընդհուպ լիազորությունները դադարեցնել։
«Լուսավոր Հայաստանից» խոսափողին մոտեցավ Էդմոն Մարուքյանը, խմբակցության ղեկավարը անկախ դատական համակարգ ունենալու միակ պայմանը համարեց դատարանների գործունեությանը չխառնվելը։
Պատգամավորն անդրադարձավ նաև դատավորների հանիրավի վարկաբեկման խնդրին․ «Հեղափոխությունից հետո անընդհատ ասում էին՝ բոլոր դատավորները կոռումպացված են, բոլորը։ Հիմա լսում եմ, ասում են՝ դե մի 10 %-ին որ փոխենք, ամեն ինչ կդզվի։ Բա որ ընդամենը 10 %-ն էր, էլ ու՞ր էիք մնացածին անվանարկում»- ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանը» միայն որոշ շտկումներից հետո կորոշի՝ կո՞ղմ է ներկայացվող փաթեթին, թե՞ ոչ ։