Քանի՞ օր չպետք է ՀՀ քաղաքացին գտնվի Հայաստանում, որպեսզի ազատվի մաքսատուրքի վճարումից
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը քննարկում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին հարցը։
Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը խնդրահարույց է։ Նախագիծը ենթադրում է, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները անձնական գույքը առանց մաքսային վճարումներ կատարելու, կարող են երկիր բերել։ Ըստ Դավիթ Անանյանի՝ գործող օրենսդրությամբ, հիմնական խոչընդոտն այն է, որ անձը, որ վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի իր հետ ներմուծող անձնական օգտագործման ապրանքներից ազատվեր մաքսատուրքի վճարումից։
Փոփոխությունը կայանում է նրանում, որ 5 տարվա ընթացքում միայն 915 օրը չպետք է քաղաքացին Հայաստանում գտնվի, և ոչ թե 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի։ Ընդ որում՝ 915 օրը պարտադիր չէ, որ հաջորդական լինեն։
Վարչապետը հետաքրքրվեց, թե անձնական օգտագորման իրերը որո՞նք են։ Դավիթ Անանյանը նշեց, որ դրանք սահմանվում են Կառավարության որոշման համաձայն ։ Օրինակ՝ կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքերից յուրաքանչյուրից 3 հատ կարող են բերել։
«Ընդ որում՝ եթե ընտանիքում 3 մարդ են, և 3-ն էլ արտոնյալ կարգավիճակ ունեն, որը փաստաթղթավորվելու է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, ապա 3 անգամ 3 հեռուստացույց կարող են բերել։ Ավտոմեքենան 1-ը պետք է լինի»,- ասաց Դավիթ Անանյանը, հավելով, որ մեքենայի պարագայում սեփականության իրավունքը պետք է հավաստի, որ Հայաստան ժամանելուց առաջ առնվազն 6 ամսվա ընթացքում այդ մեքենան պետք է սեփականության իրավունքով իրեն պատկանի։
Կառավարությունը նախագծին հավանություն տվեց։