Բացել լրահոսը Փակել լրահոսը
89072012_242490963416357_488579236026646528_n
A A
Հասարակություն

Ի՞նչ է կատարվել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը․ նրա եղբորորդին բերման է ենթարկվել․ լուսանկարներ (տեսանյութ)

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էին, որ գիշերը ոստիկանները ներխուժել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի 17/8 հասցեում գտնվող տներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ վերջին շրջանում 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք է տեղի ունեցել: Անձինք, որոնք առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ, բերման են ենթարկվել՝ իբրև զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

«Երեկ գիշեր հարյուրավոր ոստիկաներ շրջապատել էին տարածքը, ներխուժում էին տարբեր տներ: Ընդ որում՝ ոստիկաններից ոչ ոք բացատրություն չէին տալիս, թե ինչ էին անում այստեղ: Մեր հայտարարությունից հետո պարզեցինք, որ ոստիկանները ձերբակալման որոշում են ունեցել: Մենք մինչև առավոտ եղել ենք ոստիկանությունում՝ պարզելու, թե ինչու են դռները, պատուհանները կոտրում, մեզ բացատրություն չեն տրվել: Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո եղել ենք, և ոստիկանները բավականին երկար ժամանակ կոտրում էին մեր ներկայությամբ, և երբ հարց էինք տալիս, թե ինչ գործողություններ են արվում, մեզ չէին պատասխանում»:

Լուսինե Սահակյանը նշեց, որ ոստիկանների մի մասը դիմակավորված էին: Նա նշում է՝ եթե դա խուզարկություն էր, ապա պետք է դատարանի թույլտվությունը, եւ սեփականատիրոջ ներկակությունը լինեին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ասում է, որ այսօր տեղեկացել են, թե քրեական գործի մասին է խոսքը:

«Եթե որևէ անձի է ոստիկանությունը փնտրում, նրան կարող են հրավիրել ոստիկանություն: Վերջին շրջանում Արամ Վարդանյանը բազմաթիվ անգամ տարբեր կերպ ոստիկանություն է հրավիրվել, և չի եղել որևէ դեպք, որ չներկայանա: Նման դեպքում երեկվա գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:

Փաստաբանները նշեցին, որ իրականացված գործողություններից հետո հանդիպել են Արամ Վարդանյանի հետ, բայց հիմա որտեղ է նա՝ չգիտեն: Նրանք նշեցին, որ տնից բերման են ենթարկել երեք հոգու, որոնցից մեկը Արամ Վարդանյանի եղբորորդին է: 

Նշենք, որ այս պահին եւս Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը ոստիկանության կողմից խուզարկություն է իրականացվում: