Ճնշումներ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բուժաշխատողների նկատմամբ. ակցիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության շենքի առջև այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժաշխատողները իրենց բողոքն էին հայտնում Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշման դեմ։
Նրանց պնդմամբ՝ երեկ Առողջապահության նախարարը ԱԺ ամբիոնից սուտ տեղեկատվություն է ներկայացրել՝ խեղաթյուրելով իրենց բողոքի իմաստը։
«Ցիտել է մեզ, որ բացականչում ենք ՝ «վերադարձրեք մեզ մեր տնօրենին», ինչի մասին մենք երբեւէ չենք խոսել, քանի որ մեր տնօրենը հայտարարել էր, որ չի պատրաստվում աշխատել այլեւս կենտրոնում, եւ ձեւաչափը փոխելուց հետո պետք է հեռանար։ Եվ մեզ ասել էր, որ պայքարը ոչ մի դեպքում չկապենք իր հետ»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենք պահանջում են, որպեսզի քննարկումներ իրականցվի բուժաշխատողների հետ, եւ ճանապարհներ գտնեն՝ ինչպես զարգացնել համակարգը․
«Նախարարության աշխատողները պնդում են, որ մասնագիտական քննարկում եղել է, Նախարարը ասեց, որ մասնագիտական քննարկում պետք էլ չի լինի, որովհետեւ բացի բուժման հարցերից իմաստ չկա մասնագետների հետ քննարկելու»։
Նրանք դեմ են առանց իրենց հետ քննարկելու կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմանը, եւ 107 աշխատակիցներից 88-ը այս պահի դրությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«Հնարավոր չի առանց մասնագետների, ովքեր ներսում են աշխատում, որոշել փոփոխություն եւ չգնահատել ուժեղ կողմերը,եւ իրենք փաստում են, որ մենք ունենք բազմաթիվ ուժեղ կողմեր արդյո՞ք չեն վնասվի, եւ արդյո՞ք այդ թույլ կողմերը, որոնց մասին իրենք չգիտեն, բայց մենք գիտենք, կուժեղանան, թե չէ»,- ասում է բուժաշխատողը։
Աշխատակիցները պնդում են՝ երբեք չեն հրաժարվել համագործակցությունից: Իսկ նախարարը ԱԺ ամբիոնից ասել է, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հրաժարվում է իր սարքավորումներն ու տեխնիկան տրամադրել այլ պացիենտների ստուգման ու բուժման համար:
Նրանց պնդմամբ՝ կենտրոնի տնօրինությունը ճնշումներ է գործադրում այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մասնակցում են կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու որոշման դեմ բողոքի ակցիաներին։
«Առաջինը, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է՝ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ովքեր են մասնակցել ակցիային, ինչպես նաև ճշտեն աշխատակիցների տան հասցեները»,- նշում է աշխատակիցներից մեկը։