Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս տարվա արդեն երրորդ զոհն է. պատգամավորը՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին (տեսանյութ)

«Երեկ ՀՀ-ում գրանցվել է ընտանեկան բռնության հերթական զոհը»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջ ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխայի դեպքին։

«Գյումրիում ծեծի ենթարկվելուց և ըստ դատախազության տվյալների՝ 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո հայտնաբարվել է չափահաս կնոջ դի և նրա 13-ամյա աղջիկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվելել է հիվանդանոց»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ 2020 թվականին ընտանեկան բռնության արդյունքում արդեն երրորդ զոհն է:

«Ճիշտ այնպես, ինչպես մենք ունենում ենք անթույլատրելի մեծ թվով միջադեպեր բանակում, նույն տրամաբանությամբ բռնությունը ընտանիքում անթույլատրելի է, և խարխլում է այդ կարևոր ինստիտուտի նկատմամբ վստահությունը»:

Պատգամավորի խոսքով՝ ընդամենը երկու օր հետո մեզանից շատերը Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը կնշեն, փուչիկներ, ծաղիկներ կնվիրեն կանանց, կենացներ կասեն, մինչդեռ շատ ավելի կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեր՝ որպես քաղաքացի պատկան մարմինների՝ ոստիկանության, դատախազության դիմելու դերը պետք է վերիմաստավորվի, որ նման դեպքեր տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից:

Նույն խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ևս անդրադարձավ այս դեպքին և նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամին, խիտ բնակեցված թաղամասում, սա, ըստ նրա, հասարակության անտարբերության հետևանք է:

«Հարևանները փաստել են, որ այդ ընտանիքի անդամները տարբեր կապտուկներով են եղել, սա հասարակության անտարբերության մասին է խոսում: Երբ մենք խոսում ենք, որ մեր հասարակության մեջ կա բռնություն, ոմանք փաստում են, որ չկա, մեր ազգային նկարագրին և արժեքներին հարիր չէ»:

Պատգամավորը պնդեց, որ բռնության դեպքերը գնալով կշատանան, եթե անտարբերությունը շարունակվի: