«Հոգեբուժարան մտեք, էնտեղ հարցրեք՝ ո՞վ է երկիրը թալանել, ձեզ մի քանի անուն կտան» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի դեմ չի պայքարում ընդհանրապես:
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը արված գործողություններին՝ Ղուկասյանն ասաց, որ այդ հարցին չի ուզում պատասխանել:
Խոսելով վարչապետի հայտարարություններից՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ, Ղուկասյանն ասաց.
«Էդ պատերին ծեփել, ասֆալտին փռել, դրան միանշանակ դեմ եմ, ընդհանրապես չեմ սիրում էդ խոսքերը, մանավանդ եթե վարչապետն է ասում: Բայց ինչ մնում է, ովքեր որ հանցագործություն են կատարում, ովքեր որ թալանել են երկիրը, թող պատասխան տան, դրան կողմնակից ենք, սպասում ենք բոլորս, ժողովուրդը սպասում է: Եթե մարդը հանցանք է կատարել, թող դատեն, բայց եթե չեն կարողանում ապացուցել, ընկել են մարդկանց հետեւից, ես միշտ դեմ եմ եղել էդպիսի ոտնձգություններին»,-նշեց նա:
Վարչապետի կողմից Վրաստանում հնչեցված այն արտահայտության մասին, թե նույնիսկ Հիսուսն է սխալվել կադրեր ընտրելիս, Ղուկասյանն ասաց.
«Պետք է եկեղեցին, մեր հոգևորականները, խորհուրդ տան, բացատրական աշխատանքներ տանի, եւ Տիրոջ հետ համեմատականներ չեմ ուզում, որ ոչ ոք տանի»,- պատասխանեց նա:
Հարցին, թե վարչապետի՞ն պետք է խորհուրդ տալ, Ղուկասյանն ասաց, որ բոլորին էլ կարելի է խորհուրդներ տալ, որովհետեւ դա «խորհուրդ խորին է»:
Ինչ վերաբերում է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների և մասնավորապես՝ դատավորների տարիքային շեմը 25 տարեկան սահմանելու դրույթին՝ Ղուկասյանն ասաց.
«25 տարեկանը ինչքան էլ ուզում է խելացի լինի, կարմիր դիպլոմով ավարտած լինի, որտեղ ավարտած լինի, բայց պիտի մի քիչ կյանքի, ապրելու փորձ ունենա, միանշանակ կողմ եմ, որ մի քիչ տարիքը շատ կարեւոր է, որովհետեւ մարդկանց ճակատագրերի հետ է կապված դատավորների որոշումները, և ավելի ավ կլինի, որ մի քիչ համբերեն»,- նշեց պատգամավորը:
Խոսելով պետական համակարգում դավաճանների առկայության վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին՝ Վարդան Ղուկասյանն ասաց, թե եթե դավաճան կա, վարչապետի մեկ ստորագրությամբ պետք է կամ բանտում հայտնվի կամ ազատվի աշխատանքից:
Վարդան Ղուկասյանը խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին․ նշեց, որ պետք է գնալ խոշոր կոռուպցիոներների հետևից.
«Կոռուպցիայի մասին որ էդպես շատ են խոսում, ես ընդհանրապես չեմ գտնում, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, երաժշտական դպրոցի տնօրենին ու էդպիսի մարդկանց գիշեր- ցերեկ հարյուրների, հազարների հասնող մարդկանց պատժում են: Իսկակական կոռուպցիոներներին, որոնք այս երկիրը ամբողջությամբ օֆշորներում գրանցել, թալանում են: Հիմա որ դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, ասեք ո՞վ է էս երկիրը թալանել, ձեզ մի քանի անուն կասեն: Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետեւից»,- ասաց նա: